Աշխարհի զարգացած երկրների առաջնորդները մասնակցում են Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին, որն անցկացվում է Թուրքիայի Անթալիա հանգստավայրում: G20-ի հանդիպումները հիմնականում անցկացվում են քննարկելու համաշխարհային տնտեսական հարցերը, բայց Փարիզի հարձակումներից հետո երկօրյա գագաթաժողովի ուշադրության կենտրոնում կլինի ահաբեկչության դեմ պայքարը:
Մինչ գագաթաժողովի մեկնարկը, համատեղ ասուլիս են տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Բարաք Օբաման ասել է, որ նոյեմբերի 13-ի Փարիզի հարձակումները հարձակում էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները իր օգնությունն է առաջարկել Ֆրանսիային՝ հետաքննությանն աջակցելու հարցում:
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գագաթաժողովում ահաբեկչության դեմ պայքարի «ուժեղ ուղերձ» կընդունվի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նույնպես մասնակցում է գագաթաժողովին, նշել է, թե ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարը արդյունավետ կլինի այն դեպքում, եթե «միջազգային հանրությունը համախմբի իր ջանքերը»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը գագաթաժողովին: