ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում կայացած հանդիպումներից հետո երեկ հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության միջև բանակցություններ սկսվեն ժամանակավոր կառավարություն ձևավորելու շուրջ:
Քերրին նշել է, որ Ասադի և ընդդիմության բանակցությունները, որոնք միտված են վերջ դնելու երկրում արդեն շուրջ չորս տարի ծավալված քաղաքացիական պատերազմին, կսկսվեն հունվարի 1-ից: Նրա փոխանցմամբ, համաձայնության գալու դեպքում 6 ամսվա ընթացքում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի, իսկ 18 ամսում՝ ազատ և անկախ ընտրություններ անցկացվեն: Այդուհանդերձ, այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է, օրինակ, Ասադի դերը ժամանակավոր կառավարության մեջ, առայժմ համաձայնություն չկա: