Ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոն»՝ նախարարի անմիջական ենթակայությամբ:
Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ կենտրոնի ստեղծման նպատակն է նախարարության համակարգում «մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման և այլ հարակից ոլորտներում իրականացվող գործունեության ծավալի աճով պայմանավորված, աշխատանքների համակարգման ու համադրման, դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանման, մարդու իրավունքների և բարեվարքության արժեհամակարգերի վրա խարսխվող կառավարման մշակույթի ներդրման արդյունավետության ապահովումը»:
Կենտրոնի հիմնական լիազորություններն են պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և ղեկավարման էթիկայի փոփոխության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն ու համադրումը՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության ու բուհերի հետ համագործակցությամբ։
Կենտրոնի ղեկավարումն իրականացնելու նպատակով պաշտպանության նախարարի ավագ օգնականի պաշտոնին է նշանակվել քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։