Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված քաղաքագետ Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից: Նրան բանտարկելու պատիժը փոխարինվեց տնային կալանքով: Նրա կինը՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը մնում է բանտում:
«Ես չեմ լռելու, ես պայքարելու եմ, քանի դեռ Լեյլան ազատ չի արձակվել»,- լրագրողներին ասել է Արիֆ Յունուսը՝ պնդելով, որ Լեյլա Յունուսը ենթարկվում է ճնշումների և խոշտանգումների, ինչի դեմ բողոքելով՝ ինքը հացադուլ է հայտարարել: «Եթե Լեյլային նույնիսկ հիմա ազատ արձակեն, նրա առողջությունը այնքան է քայքայվել, որ վերականգնելու համար առնվազն երեք տարի կպահանջվի»,- ասել է նա:
Արիֆ Յունուսին հոկտեմբերի վերջին տեղափոխել էին բանտարկյալների հիվանդանոց, սակայն հոսպիտալացումից հետո էլ նրա առողջական վիճակը չէր բարելավել:
Այսօր Ադրբեջանի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշում ընդունեց՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը և հիմք ընդունելով արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության տեղեկանքը: Խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ Վերաքննիչ դատարան էր դիմել Յունուսի փաստաբանը: Արիֆ Յունուսը երկրից չբացակայելու մասին պարտավորություն է ստորագրել և ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Դատարանում Յունուսը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել, դեղորայք նույնպես չի ընդունում, քանի որ իր հիվանդ կնոջը՝ Լեյլա Յունուսին բժշկական անհրաժեշտ օգնություն չի տրամադրվում: Դատարանի որոշումից անմիջապես հետո, ներկաներին դահլիճից դուրս են հանել, սակայն Արիֆ Յունուսը հայտարարել է, թե դուրս կգա միայն իր կնոջ՝ Լեյլա Յունուսի հետ:
Օգոստոսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Արիֆ Յունուսին դատապարտել էր 7, իսկ նրա կնոջը՝ 8.5 տարվա ազատազրկման: Դատարանը հիմնավոր էր համարել նրանց դեմ առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքները:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք հենց սկզբից հետևում էին Յունուսների դեմ սկսված հետապնդումներին, դատապարտել են նրանց ազատազրկելու դատավճիռը՝ այն համարելով ծաղրանք արդարադատության նկատմամբ:
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսը մինչ ձերբակալվելը հասարակական իր գործունեության ընթացքում մասնակցում էր նաև հայ իրավապաշտպան ակտիվիստների հետ հանդիպումներին, ինչի համար Ադրբեջանում քննադատվում և մեղադրվում էր:
Անցյալ տարի ձերբակալելով իրավապաշտպանին՝ Ադրբեջանի իշխանությունները նրան նաև հայրենիքի դավաճանության մեղադրանք էին առաջադրել: