Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին պնդում է՝ Մարգվելաշվիլին պետք է փոխի իր նստավայրը


Վրաստան - Նախագահական նստավայրը Թբիլիսիում
Վրաստան - Նախագահական նստավայրը Թբիլիսիում

Վրաստանի նախկին վարչապետը խոսել է նաև «Ռուսթավի 2»-ի խնդրի, Ալիևի հետ հանդիպման մասին:

«Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով հիմա ոչ մի պաշտոն չունի, հայտարարել է, թե երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պետք է փոխի իր նստավայրը: Իվանիշվիլին պնդել է, որ նախագահը, ցանկանում է թե ոչ, ստիպված է լինելու դա անել:

«Դրա վրա ես արդեն երկար ժամանակ չեմ վատնելու, հարցրեք ավելի հետաքրքիր թեմաներից: Կարևորը՝ որ բոլորը պետք է կատարեն օրենքը, հարգեն պետությունը, և առաջին հերթին դա պետք է անի նախագահը: Անհրաժեշտ է գնահատել նաև կոմերցիոն մասը, որն արդեն անցել է 10 միլիոնը, և ասել, թե դա արվում է քաղաքացիների պաշտպանության համար՝ սա վերին աստիճանի ցինիզմ է», - ասել է Իվանիշվիլին՝ շարունակելով․ - «Իհարկե դա պետք է ավարտվի և կավարտվի՝ ցանկանում է նա թե ոչ: Պետությունը պետք է պետություն լինի, և կառույցները պետք է կատարեն իրենց լիազորությունները: Կառավարությունը ժամանակին հայտարարեց, որ ձեռնպահ է մնում օրինական գործողություններից, բայց կգա և դրա ժամանակը»:

«Գրուզիա օնլայն»-ը հիշեցնում է, որ Իվանիշվիլիի և Մարգվելաշվիլիի միջև հակասությունները սկսվեցին վերջինիս կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, մասնավորապես երբ Մարգվելաշվիլին որոշեց մնալ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած նախագահական նստավայրում: Չնայած կառավարությունը վերանորոգեց ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքը, և Մարգվելաշվիլիին առաջարկվեց այնտեղ տեղափոխվել՝ նա մերժեց այդ առաջարկը:

Լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին անդրադարձել է նաև «Ռուսթավի 2» հեռուստաընկերության խնդրին՝ պնդելով, որ դա երկու մասնավոր սուբյեկտների միջև վիճաբանություն է: Հեռուստաընկերության խնդրի կապակցությամբ Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի հայտարարությունները նա անհարգալից է որակել՝ նշելով, միաժամանակ, թե դա չի նշանակում, որ Վրաստանի կառավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ հայտարարություններին:

«Բնականաբար, նրանց հայտարարությունները մենք լսում ենք մեծ ուշադրությամբ, պատասխանում ենք, երբ պետք է պատասխանել, բայց այն, ինչ իրենց ժամանակին արել են Սաակաշվիլին և [Միացյալ] Ազգային շարժումը, որ երկիրը պետք է կառավարվի դրսից, որ ինչ նրանք ասեն՝ մենք պետք է պարենք իրենց դուդուկի տակ, դա չի կարող լինել և չի լինի», - հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետը:

Իվանիշվիլին նաև հայտնել է, որ հանդիպում է ունեցել օրերս Վրաստան այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ալիևի հետ մեր զրույցը շատ ավելի հետաքրքիր էր, քան «Գազպրոմ»-ը: Ազգային շարժման կողմից բարձրացված «Գազպրոմ»-ի թեմա գոյություն չունի: Մենք շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք և բարեկամական զրույց», - ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG