Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հիասթափված է Մարգվելաշվիլիից, նրանից ավելին էր սպասում


Գեորգի Մարգվելաշվիլիի գործողություններն ինձ հիասթափեցնում են, չորեքշաբթի «Իմեդի» հեռուստաընկերության եթերում նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Չեմ թաքցնում, ես ավելին էի սպասում: Նախագահական ընտրություններից հետո մոտ երկու ամիս շարունակ մենք արդեն ընտրված նախագահի հետ բավական թեժ բանավեճեր ենք ունեցել: Ես և Մարգվելաշվիլին բավական լուրջ տարաձայնություններ ենք ունեցել: Ընտրություններից հետո ի հայտ եկան Մարգվելաշվիլիի բնավորության միանգամայն այլ, նախորդ ժամանակահատվածից սկզբունքորեն տարբերվող գծերը»,- հայտարարեց Իվանիշվիլին` նկատելով, որ Վրաստանի չորրորդ նախագահից իր հիասթափության գլխավոր պատճառներից մեկը Հավլաբարում գտնվող նախագահական պալատի շուրջ զարգացումներն էին:

«Մինչև ընտրությունները Գեորգին այդ շինությունն անվանում էր բռնության, չարիքի և հղփացածության խորհրդանիշ: Դա նրա խոսքերն են: Այսօր սակայն նա շարունակում է աշխատել Սաակաշվիլիի կառուցած այդ պալատում: Այս օրինակը մատնանշելով՝ ես չեմ ցանկանում ասել, թե Մարգվելաշվիլին իրավունք չունի օգտվել Հավլաբարի նստավայրից: Պարզապես ես ցանկանում եմ ցույց տալ, թե որքան արագորեն են փոխվել նրա մոտեցումները»,- ասաց Իվանիշվիլին:

Նախկին վարչապետը իր իսկ կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Մարգվելաշվիլուն քննադատեց նաև թիմում Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության հետ առնչություններ ունեցող որոշ անձանց ներգրավելու, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ընթացքը արհեստականորեն խոչընդոտելու փորձերի մեջ:

Բիձինա Իվանիշվիլիի այս հարցազրույցի հեռարձակումից մի քանի ժամ անց արդեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հատուկ այս առիթով մամուլի ասուլիս հրավիրեց՝ հենց քննադատության թիրախ դարձած Հավլաբարի նստավայրում:

«Բիձինայի մեկնաբանությունները, նրա վերաբերմունքը ինձ համար շատ կարևոր են, ես շատ բարձր եմ դասում նրա կարծիքը: Այն փաստը, որ նա ինձ քննադատում է, տհաճություն և ցավ է պատճառում: Իվանիշվիլին նշեց, որ եղել են հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարողացել գալ ընդհանուր հայտարարի: Այնուհանդերձ, ես չեմ պատրաստվում բացահայտել տարաձայնություններ առաջացրած այդ հարցերը, քանի որ դրանք բացառապես իմ և նախկին վարչապետի հարաբերություններն են, այլ ոչ թե իմ, Իվանիշվիլիի և լրատվամիջոցների հարաբերությունները»,- ասաց Մարգվելաշվիլին:

Ինչ վերաբերում է Հավլաբարի նստավայրին, ապա այս հարցում Վրաստանի ղեկավարն իր բացատրությունն ուներ:

«Մենք դեռ նախընտրական շրջանում որոշել էինք, որ այս շենքը հանձնվելու է նոր ստեղծվող համալսարանին: Այդ նախագծի իրագործումը սակայն մինչ օրս չի մեկնարկել: Նախագահի աշխատակազմի մի մասն արդեն իսկ տեղափոխվել էր այլ շենք, սակայն որոշ ժամանակ առաջ ես հասկացա, որ երկու տարբեր վայրերում աշխատելը բավական դժվար է և որոշեցի վերադառնալ Հավլաբարի նստավայր»,-բացատրեց Վրաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG