Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը հրավիրվել է Քննչական կոմիտե


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է Քննչական կոմիտե` նախկինում հարուցված քրեական գործի շրջանակում մասնակցելու քննչական գործողություններին: Այսօր «Ազատությանը» այդ մասին հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Տռուզյանը մանրամասնեց՝ խոսքը 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակում այս տարվա ապրիլի 9-10-ը Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։

Երեկ երեկոյան «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ժամը 21-ին մի խումբ ոստիկաններ այցելել են շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա Քննչական կոմիտե: Սեֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ առավոտյան կկապվի քննիչի հետ ու կպարզի, թե ինչն ինչոց է:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը այս գործողությունը գնահատում է որպես շտաբի և նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, «որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի և խախուտ վիճակի մասին», ասված է հաղորդագրությունում:

Սեֆիլյանը Քննչական կոմիտե է այցելելու այսօր ժամը 12:30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG