Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է Հայաստանում Վենեսուելայի առաջին դեսպանին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Վենեսուելայի դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբայի (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերը:

Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոռեալբան, որպես Հայաստանում Վենեսուելայի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկկողմ միջպետական կապերի աշխուժացմանը և ամուր հիմքեր կստեղծի համագործակցության զարգացման համար:

Նախագահը կարևորել է փոխադարձ բարձրաստիճան այցերը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունն ու այն զարգացնելու նպատակով Հայաստանի և Վենեսուելայի խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը: Նա բարձր է գնահատել միջազգային կառույցներում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերի քննարկումների ժամանակ Վենեսուելայի դիրքորոշումը և ընդգծել ՄԱԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի իր պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող հայ ժողովրդի համար, որն այն մեծապես գնահատում է:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վենեսուելայի դեսպանը վստահեցրել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնն ու իր համար մեծ պատիվ է համարում հնամենի և հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելը՝ խորը հարգանք տածելով հայ ժողովրդի նկատմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու և տարբեր ոլորտներում առկա գործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG