Մատչելիության հղումներ

ՀՀ անդամակցությունը Օրհուսի կոնվենցիային կարող է կասեցվել


Թեղուտի անտառը, որի հարևանությամբ շահագործվող հանքավայրի հարցով բողոք է ուղարկվել Օրհուսի կոմիտե:
Թեղուտի անտառը, որի հարևանությամբ շահագործվող հանքավայրի հարցով բողոք է ուղարկվել Օրհուսի կոմիտե:

Կոնվենցիան, որին Հայաստանը միացել է դեռ 1998 թվականին, պարտավորեցնում է մատչելի տեղեկատվություն տալ ու ապահովել հանրության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն սպառնում է կասեցնել Հայաստանի անդամակցությունը՝ եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի շրջակա միջավայրի պահպանության առումով իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

«Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը մտահոգ է, որ հասարակությունը կարող է զրկվել իշխանություններին զսպող կարևոր մեխանիզմից․ - «Սա գոնե մի տեղ էր․․․ էլի մխիթարանք ա․․․ Գոնե մարդը գիտի, որ էլի մի տեղ կա, որտեղ կարող են դիմել: Սա վերջին ինստանցիան ա»:

Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի համակարգող Աիդա Իսկոյանը, սակայն, ասում է, որ Օրհուսի կոնվենցիայի կոմիտեից սա պարզապես Հայաստանին ուղղված զգոնության կոչ է։ Հայաստանն առնվազն 1,5 տարի ժամանակ ունի առկա թերությունները շտկելու համար․ - «Ես ոչ մի մտավախություն չունեմ, որ ինչ-որ սանկցիաներ կկիրառվեն Հայաստանի հանդեպ»:

Ռուզաննա Ղազարյանը, մինչդեռ, ով Դալմայի այլևս գոյություն չունեցող այգիների 1800 սեփականատերերից է, հիշեցնում է իրենց տարիների պայքարն ու համոզված ասում՝ Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության հարցում մշտապես խախտվել են Օրհուսի կոնվենցիան ու Հայաստանի օրենսդրությունը․ - «Բոլորը առաջին բաղադրիչը գիտեն՝ հանրությանը տեղեկացնել: Հանրությանը տեղեկացնում են․․․ որ էսինչ Ամուլսարում էսինչ հանքն է բացվել: Վերջ, մենք տեղեկացվել ենք: Բայց դրանից հետո երկու բաղադրիչ կա: Ա'յ երկրորդ բաղադրիչը բացարձակապես իրենց ձեռնտու չի․ հաշվի առնել հանրության կարծիքը: Հանրությունը եթե համաձայն չի, իրանք դա պիտի չանեն»:

Դեռ 10 տարի առաջ Դալմայի այգիների տարածքում գերակա շահի անվան տակ կառուցապատման ծրագրից տուժած սեփականատերերը առաջինն էին, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե բողոք են ուղարկել։

Ավելի ուշ Հայաստանի հասարակական կազմակերպություններից Օրհուսի կոմիտեն երկրորդ բողոքն է ստացել Թեղուտում շահագործվող հանքավայրի հարցով։ Հասարակական գործիչները համոզված էին, որ մեծ խախտումներ են թույլ տրվել այստեղ, սակայն հնարավորություն չունեցան հանքավայրի շահագործման որոշումը բողոքարկելու դատարանում։

«Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահն ասում է. - «Կողմ երկրներից Հայաստանը միակն է, որ հերիք չի մի անգամ խախտել է․․․ դրանից հետո ոչ մի դաս չքաղեց, Թեղուտի դեպքը արեց՝ նույն խախտումներով: Ու այնտեղ էլ ոչ մի խնդիր չի կարգավորված: Եվ հատկապես դատական մատչելիության, արդարադատության մատչելիության խնդիրը բացարձակապես բաց է մնացել»:

Օրհուսի կոնվենցիայի համակարգող Աիդա Իսկոյանը հակադարձում է հասարակական կազմակերպություններին՝ Հայաստանը թեև թերի, բայց կատարում է իր միջազգային պարտավորությունները․ - «Հայաստանը ձգտում է կատարել, բայց ունի որոշ պրոբլեմներ, դժվարություններ, որոնք պայմանավորված են տնտեսական հարցերով, սոցիալական հարցերով, հասարակության իրազեկման հարցերով: Բայց մենք շատ արագ քայլերով գնում ենք առաջ»:

Իսկ Ռուզաննա Ղազարյանը պնդում է իր և գործընկեր կազմակերպությունների մտավախությունը, թե Հայաստանի կառավարությունն ամենևին շահագրգիռ չէ շտկելու իր թերությունները: Կոնվենցիայի կասեցումը, նրա խոսքով, ավելի ձեռնտու է «վերևներին»․ - «Իշխանավորներին, որոնք դրանից իրենց գրպանը լցնելու հնարավորություն ունեն, դա ձեռնտու կլինի: Թող կասեցվի․․․ Դեռ մի քանի անարատ մնացած լեռներ, հանքեր, ջրեր ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG