Մատչելիության հղումներ

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլը «Գաբալա»-ի դարպասին


Եվրոպայի լիգայի գավաթը, արխիվ, Թուրին, Իտալիա, 16 ապրիլի, 2014թ.
Եվրոպայի լիգայի գավաթը, արխիվ, Թուրին, Իտալիա, 16 ապրիլի, 2014թ.

Հայ ֆուտբոլիստը այսօր դարձավ նաև գոլային երկու փոխանցումների հեղինակ, երկու անգամ էլ նրա հարվածը ետ մղեց դարպասաձողը։

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի C խմբում հանդես եկող Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4։0 խոշոր հաշվով պարտության մատնեց ադրբեջանական «Գաբալա»-ին։

Դորտմունդի թիմում գոլերի հեղինակ դարձան Մարկո Ռոյսը (28-րդ րոպե), Պիեռ-Էմերիկ Օբամայանգը (45-րդ րոպե) և Հենրիխ Մխիթարյանը (70-րդ րոպե)։ Իսկ հայազգի աստղի ֆանտաստիկ գոլից երեք րոպե առաջ՝ 67-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Գաբալա»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Զենյովը։

Հայաստանի հավաքականի առաջատարը Դորտմունդի «Իդունա-Պարկ» մարզադաշտում այսօր դարձավ ոչ միայն գոլի, այլև գոլային երկու փոխանցումների հեղինակ։ Բացի այդ, երկու անգամ նրա հարվածը ետ մղեց դարպասաձողը։

Առաջին հանդիպումը հոկտեմբերի 22-ին Բաքվում նույնպես ավարտվել է «Բորուսիա»-ի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Այդ խաղում Մխիթարյանը չի խաղացել, քանի որ ադրբեջանական կողմը չի երաշխավորել հայազգի ֆուտբոլիստի անվտանգությունը։

Դորտմունդում ադրբեջանական թիմը, որի կազմում հանդես են գալիս մեծ թվով օտարերկրացիներ, փորձեց ցուցաբերել կազմակերպված ֆուտբոլ, սակայն պրոֆեսիոնալ մակարդակի տարբերությունը շատ մեծ էր, և հյուրերը գոլային լուրջ պահեր այդպես էլ չստեղծեցին։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական թիմի ֆուտբոլիստների կողմից Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղ կամ անպարկեշտ վերաբերմունք չեղավ։

Եվրոպայի լիգայի C խմբում հաջորդ հանդիպումը «Բորուսիա»-ն անցկացնելու է նոյեմբերի 26-ին Կրասնոդարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG