Գերմանական «Բորուսիա» և ադրբեջանական «Գաբալա» թիմերի մարզիչները այսօրվա խաղից առաջ, երեկ երեկոյան Բաքվում մամուլի ասուլիս են տվել՝ անդրադառնալով նաև Դորտմունդի ակումբի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:
Azerisport-ի փոխանցմամբ՝ հարցին, թե Մխիթարյանի բացակայությունը արդյոք ազդեցություն կունենա՞ «Բորուսիա»-ի խաղի վրա, գերմանական ակումբի մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է. - «Նա չկարողացավ ժամանել քաղաքական հարցերի պատճառով, մենք կորցրեցինք կարևոր խաղացողի»:
«Բորուսիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում մեջբերված են Տուխելի խոսքերը. - «Կարծում եմ՝ թե՛ սպորտային, թե՛ անձնական տեսանկյուններից ամոթալի է, որ նա այստեղ մեզ հետ չէ: Ֆուտբոլը պետք է ազատ լինի և չպետք է կառավարվի քաղաքական հակամարտություններով, վախերով կամ վտանգներով: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք որևէ լարվածության ռիսկի չդիմել: Մենք որոշում ենք ընդունել, որը մեզ համար հանգստություն է նշանակում: Մխիթարյանի փոխարեն մեկնարկային կազմում կարող է լինել Յոնաս Հոֆմանը»:
Կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը ափսոսանք է հայտնել, որ Մխիթարյանը չի մասնակցում «Գաբալա»-ի հետ խաղին: «Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը մնաց տանը: Այդ որոշումը ընդունվել է ակումբի կողմից, և մենք հարգում ենք ընդունված որոշումը», - ասել է նա:
«Գաբալա»-ի մարզիչ Ռոման Գրիգորչուկը ասել է. - «Ես լավ գիտեմ Մխիթարյանին ու չեմ մտածում, թե որտեղից է նա ծագումով: Նա լավ ֆուտբոլիստ է, և մենք, պատրաստվելով խաղին, չէինք մտածում նրա անձնագրի մասին: Եթե Մխիթարյանը Բաքու գար, ապա մենք խաղային այլ սխեմա կպատրաստեինք՝ հաշվի առնելով նրա ներկայությունը դաշտում: Ֆուտբոլը պետք չէ քաղաքականացնել»:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Թվիթերում գրել է. - «Ադրբեջանը կորցրեց իր հասարակության հանդուրժողականությունը և հյուրընկալությունը ցույց տալու հնարավորությունը»: Գրառումը նա կատարել է երկու օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը Բաքու չի մեկնի:
Ավելի վաղ, Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար, նախկին հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը պարտավոր է թույլատրել Հենրիխ Մխիթարյանի մուտքը երկիր: «Եթե Բաքուն խոչընդոտներ ստեղծի, դա կլինի օրենքի կոպիտ խախտում: Մխիթարյանին այդ խաղին մասնակցելը քաղաքական պատճառներով չթույլատրելը որևէ տրամաբանությունից դուրս է»,- Sports.ru կայքի փոխանցմամբ՝ ասել էր Սիմոնյանը:
Գերմանական Frankfurter Allgemeine պարբերականը մեջբերել է «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոախիմ Վացկեին, ով ասել է, թե ակումբը պատասխանատվություն է կրում ֆուտբոլիստի անվտանգության համար և ըմբռնումով է ընդունել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշումը: Նա նշել է, որ Մխիթարյանի կայացրած որոշումը բոլորի համար լավ է: «Նա չի գնա Բաքու Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական հակամարտության պատճառով, որը երբեմն վերածվում է ռազմական բախումների: Դա ճգնաժամ է, որ անցնում է նորմալի սահմանները»,- գերմանական հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ՝ ասել է «Բորուսիա»-ի գործադիր տնօրենը:
«Գաբալա» ակումբի փոխնախագահ Նաջա Ֆարիզը ասել է, թե «Բորուսիա»-ի ներկայացուցչի խոսքերն անհիմն են: Նա նշել է, որ մինչ այս էլ հայ մարզիկները ժամանել են Ադրբեջան, և օրինակ է բերել վերջերս Բաքվում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը հայ շախմատիստների մասնակցությունը: «Գերմանական ակումբը մեզ չի դիմել Մխիթարյանի վիզայի հարցով»,- ասել է «Գաբալա»-ի փոխնախագահը:
Մխիթարյանի Բաքու չգնալու պատճառների մասին նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև վիզայի խնդիրը: Frankfurter Allgemeine թերթը գրում է, որ վիզաներ ստանալու ժամանակ արդեն որոշ խնդիրներ էին առաջացնել, սակայն չի մանրամասնում, թե խոսքը ինչ խնդիրների մասին է:
Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակներով երկու անգամ եղել է Լեռնային Ղարաբաղում, իսկ ադրբեջանական օրենքներով՝ առանց Բաքվի թույլտվության Ղարաբաղ այցելողները հայտնվում են «սև ցուցակում» ու Ադրբեջան այցելելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ ունենալ: