Մատչելիության հղումներ

«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալներից վեցը շարունակում են հացադուլը


«Հանձնաժողովը, որը պետք է խնդիրներ լուծեր, ինքն է պատուհաս դարձել», - ընդգծում է հասարակական դիտորդական խմբի անդամը։

Նախորդ շաբաթվանից հացադուլ սկսած դատապարտյալներից վեցը շարունակում են բողոքը վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) գտնվող բանտարկյալները նաև նախագահ Սերժ Սարգսյանին են նամակ գրել, պնդելով, թե զրկված են օրենքով իրենց տրված իրավունքից՝ անկախ հանձնաժողովի քմահաճույքով։

Հացադուլն այսօր դադարեցրած Ռաֆայել Մկրտչյանի մայրը պնդում է՝ թեև կան որդու վաղաժամ ազատ արձակման դիմումը բավարարելու հիմքեր, սակայն անկախ հանձնաժողովը արդեն յոթերորդ անգամ մերժում է այն։ «Իրանք ի՞նչ գիտեն՝ ուղղվե՞լ են, թե՞ չէ, եթե գնում են ընդամենը անուն-ազգանուն են հարցնում ու վերջ։ Թող էդ ամբողջ հանձնաժողովով գան, հանդիպեն կալանավորին, հազար կողմից հարցեր տան, իմանան, իրանք ի՞նչ գիտեն», - ասաց Անահիտ Մկրտչյանը՝ շարունակելով. - «Ասում են՝ եթե դուրս գան, կարող է վտանգավոր լինեն. իրանք հաստատ գիտե՞ն, Աստված ե՞ն իրանք, իրանք որտեղի՞ց գիտեն՝ ով է վտանգավոր, ով է անվտանգ, եթե ընդամենը անուն-ազգանուն են կարդում ու կատարած հոդվածը»։

Նա պատմում է, որ որդին հրաժարվել է բողոքի ծայրահեղ այս միջոցից՝ հավատալով արդարադատության նախարարության ներկայացուցիչների խոստումներին, թե խնդիրը շուտով լուծվելու է. - «Սկզբից շատ դեմ էինք, ես արդեն խելագարվում էի, որ իմ էրեխեն հաց չի ուտում, բան... Հետո մտածեցի, թե՝ լավ, ինչ-որ ձևի իրա ձայնը հասանելի պիտի դարձնի՞ հանրությանը։ Այսօր առավոտ խոստումներ են տվել, եթե էդ խոստումները ճիշտ լինի, չգիտեմ, իսկ եթե չէ, երևի մենք ամբողջ ընտանիքով նստենք հացադուլի»։

Տարիներ առաջ կոռուպցիան բացառելու նպատակով փոխվեց վաղաժամ ազատ արձակման կարգը՝ ստեղծվեց հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ոչ միայն հոգեբաններ, այլև Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, նախարարությունների ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Նրանք բանտարկյալների դիմումները քննում և որոշում են կայացնում փակ քվեարկությամբ։ Այս տարի, պաշտոնական վիճակագրությամբ, դրական պատասխան է ստացել դիմողների մոտ 3.5 տոկոսը միայն, մինչդեռ մերժման դեպքերը տարեցտարի ավելանում են։

«Հանձնաժողովը, որը պետք է խնդիրներ լուծեր, ինքն է պատուհաս դարձել», - ընդգծում է Հելսինկյան կոմիտեի փաստաբան, քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։

«Այդ որոշման ընդունման գործընթացը փակ է, փակ դռների հետևում է, առանց որևէ պատճառաբանության, ուղղակի մի քանի հոգի որոշում են «այո» կամ «ոչ» ասել։ Դա արդեն դուրս է գալիս ողջամտության սահմաններից, իրավական որոշակիության սահմաններից», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ռևազյանը։ - «Որևէ պատճառաբանություն չի բերվում, որպեսզի հասկանաս՝ ինչու այդ անձը պատրաստ չի, չկա որևէ չափանիշ, որ ասեն՝ ա՛յ այս, այս, այս չափանիշներին անձը չի բավարարել, կամ էլ այս Պողոսը բավարարել է այս չափանիշներին։ Հենց դա է, որ մութ անկյուն է մնում՝ բացարձակ անհասկանալի և՛ դատապարտյալի համար, և՛ մյուսի, և՛ մյուսի»։

«Անկախ հանձնաժողովի երկու անդամ գալիս են քրեակատարողական հիմնարկ, կարող է 2 րոպե, 5 րոպե տեսնեն այդ անձին, հարցեր տան, գործը նայեն, կարծիքը փոխանցեն մյուսներին, ու որոշումը կայացվի, թե ինչ չափանիշներից ելնելով՝ չկան նման չափանիշներ, երևի իրենց սուբյեկտիվ գնահատականը կլինի։ Նաև չկա բողոքարկման մեխանիզմ։ Չես կարող նաև հարց բարձրացնել՝ օբյեկտիվ էր, օբյեկտիվ չէր», - ասաց քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամը։

Անցած շաբաթավերջից հացադուլ հայտարարած դատապարտյալներից մի քանիսը նաև դիտորդներին փոխանցել են, որ իրենցից 5-ին առանձին խցեր չեն տեղափոխել, թեև ավելի վաղ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Ազատությանը» ասել էր, որ բոլորն էլ տեղափոխվել են առանձնացված խցեր և բժիշկների հսկողության տակ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG