Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը չի բացառում ID քարտերով քվեարկության դեպքում լրացուցիչ մեխանիզմների ներդրումը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանը չի բացառում, որ իշխող Հանրապետականը վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնի՝ կանխելու նույնականացման քարտերով կրկնակի քվեարկությունը: Ազգային ժողովի նախագահն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե ընդդիմադիրների քննադատությանն արժանացած օրինագիծը երկրորդ ընթերցումից առաջ գուցե փոփոխվի։

«Ավելի շատ թիրախային են դարձնում, քան էդտեղ որևէ բան կա, քանի որ Ընտրական օրենսգիրքը վերահսկողության շատ ավելի լուրջ մեխանիզմներ ունի, համենայնդեպս, առաջիկայում պարզ կլինի, կարծում եմ՝ ինչ-որ մի բան կարելի է փոփոխել պարզապես հավատի առումով։ Իսկ ընդհանուր առմամբ՝ բնական է, մարդկային միտքը էնպիսին է, որ ինչպիսի վերահսկողության մեխանիզմներ էլ ստեղծես, հակառակ ձևով էլ է աշխատում։ Այս պահին մի քանի տարբերակներ քննարկվում են»,- ասաց Սահակյանը։

Միաժամանակ խորհրդարանի խոսնակը արդեն իսկ հստակեցնում է, որ հանրապետականների հեղինակած օրինագծում չի հայտնվի մատները թանաքոտելու առաջարկը. - «Չի կարելի մարմինը օգտագործել քաղաքականության համար, քաղաքականության համար միտքը պետք է օգտագործել»։

Հանրապետականը ողջ կազմով է լծվելու «այո»-ի արշավին. Սահակյանը, սակայն, չի կարծում, որ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների օրինակով անձամբ անցկացնի քարոզչական հանդիպումները։

«Բոլորս ենք մասնակցելու, բայց կարծում եմ, դա ոչ թե միտինգային եղանակներով կլինի, այլ պարզապես յուրաքանչյուրս մեր միջավայրում պիտի կարողանանք ավելի բացատրելի դարձնել Սահմանադրությունը։ Չեմ կարծում՝ կարիք լինի, որ նախագահը գնա քարոզարշավային հանդիպումների, որովհետև մեր կուսակցության գրասենյակները անընդհատ աշխատատար պրոցեսում են և ոչ միայն հանրաքվեի համար, այլ ցանկացած ընտրությունները երբ ավարտվում են, հաջորդ օրվանից նորից քարոզչությունը գնում է»,- ասաց Սահակյանը։

Վարչական ռեսուրս կիրառելու մասին «Ոչ»-ի ճամբարից հնչող քննադատությանը Գալուստ Սահակյանը ծանոթ է, անկախությունից հետո գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ է լսել.- «Քաղաքական ուժը ինչ քաղաքական կապիտալ ունի, պիտի ներդնի, բայց այս դեպքում ոչ թե վարչական ուժն է կիրառվում, այլ այն գաղափարախոսությունը, որը կրում է կուսակցությունը»,- ասաց Սահակյանը։

Հարցին, թե ֆինանսական, պաշտոնական ռեսուրսները գործի չե՞ն դրվելու քարոզարշավի ժամանակ, ԱԺ նախագահը պատասխանեց.- «Չեմ կարծում, որ ֆինանսական ռեսուրսների կարիք կա։ Իհարկե, բնական է, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր շտաբների առումով ինչ-որ միջոցներ կտրամադրի։ Դա բնական է և ընդունելի է ընտրությունների ժամանակ, իսկ ֆինանսական ռեսուրսների հարցը, միգուցե եթե լինի էլ, դա արջի ծառայություն կլինի։ Պարզապես միշտ ընտրություններին մարդիկ են հայտնվում, որոնք ցուցադրում են, որ իրենք ավելի արդյունավետ են աշխատել»։

Ազգային ժողովի նախագահը գնահատում է, որ իրենց «այո»-ին հակադրվողներ կան, բայց ուսումնասիրելով հանրային տրամադրությունները եզրակացրել է՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին «ոչ» ասողները հիմնականում միայն Երևանում են։

«Ոգեկոչումը, չակերտների մեջ ասած, տեղի է ունենում միայն Երևան քաղաքում, մինչդեռ համայնքներում որևիցե նման ազդակներ չկան, իսկ ազդակները կարող են լինել «ոչ»-ի պարագայում ընդամենը սոցիալական վիճակը կամ այս կամ այն անձի վիրավորվածությունը որևէ չինովնիկից, գյուղապետից»,- ասաց խորհրդարանի ղեկավարը։

Ուստի «այո»-ն, համոզված է Սահակյանը, հաղթելու այլընտրանք չունի, ավելին՝ կարող է օրինակ դառնալ արևմտյան զարգացած երկրների համար։

«Բոլոր սահմանադրագետների դպրոցները բավականին լուրջ և դրական կարծիք են տվել, ընդ որում նաև Գերմանիայում, էլ չեմ ասում միակ քաղաքական հանձնախումբը՝ Վենետիկի հանձնաժողովը շատ բարձր է գնահատում։ Առավել ևս ասեմ՝ իմ փոխհարաբերությունները Եվրոպայի հետ, իմիջիայլոց, Վենետիկի հանձնաժողովի նիստին էլ եմ մասնակցել, մոտ 60 պետություններ էին, մեծ մասը ասում էր՝ սա այն իրական, նոր մոդելացումն է, որը ամբողջ Եվրոպան պիտի ընդունի»,- հայտարարեց Սահակյանը։

XS
SM
MD
LG