Մատչելիության հղումներ

Սահմանադրության նախագծով սահմանափակվում է ՍԴ դիմելու քաղաքացիների իրավունքը


Քաղաքացիները ՍԴ-ի դիմաց սպասում են բարձր դատարանի որոշմանը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ, 2-ը ապրիլի, 2014թ.
Քաղաքացիները ՍԴ-ի դիմաց սպասում են բարձր դատարանի որոշմանը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ, 2-ը ապրիլի, 2014թ.

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո քաղաքացիները այլևս իրավունք չեն ունենա Սահմանադրական դատարանում պաշտպանել հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները։

«Մենք կարող ենք բողոքել, պիկետներ անցկացնել, երթեր, ցույցեր, բայց իրավական դաշտում այդ հարցը բարձրացնել՝ անցնելով բոլոր դատական ատյանները, Սահմանադրական դատարանի քննարկման հարց չենք կարող»,- նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությամբ դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված նախագծի 169-րդ հոդվածը սահմանում է՝ «քաղաքացին Սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման դեպքում»։ Անընդունելի համարելով այս դրույթը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը թվարկում է, թե ինչից կարող են զրկվել քաղաքացիները փոփոխություններից հետո։

«Մենք դիմեցինք ՀՀ վարչական դատարան Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու միանձնյա որոշման դեմ։ Սպառեցինք բոլոր դատական ատյանները, այդ հարցը դարձրեցինք ՀՀ ՍԴ-ի քննարկման հարց։ Դիմեցինք ՍԴ-ին և գտանք, որ Վարչական դատարանը որոշում կայացնելիս կիրառելի է նորմ, որը մեր կարծիքով հակասության մեջ է գտնվում Սահմանադրության առաջին հոդվածի հետ։ Հիմա փոփոխությունների տրամաբանության մեջ ամրագրված է, որ ես նման հայցով չեմ կարող ՍԴ դիմել»,- ասաց Սաքունցը։

Ըստ հանրաքվեի դրված նախագծի, քաղաքացիներն այսուհետ կզրկվեն նաև մշակութային սահմանադրական նորմի պաշտպանությունից։ Ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագծում այս նորմը ևս առանձնացվել է երկրորդ գլխից։ Այսինքն, քաղաքացիները ՍԴ-ում չեն կարողանա վիճարկել որևէ պատմամշակութային հուշարձանի քանդման, վերափոխման կամ տեղափոխման որոշումները։

Փակ շուկա, Աֆրիկյանների շենք, Երիտասարդական պալատ. Արթուր Սաքունցը նկատում է՝ այս հարցում օրինակների պակաս չունենք.- «Հանրային գերակա շահի հիմքով ինչ-որ տարածք են իրացնում, որտեղ կան պատմական հուշարձաններ։ Ես էդ հարցը չեմ կարող ՍԴ-ի հարց դարձնել, չի դիտարկվում որպես իմ հիմնարար իրավունքներից մեկը։ Դիտարկվում է որպես իրավունք, բայց երրորդ գլխով՝ որպես սոցիալական, մշակութային, տնտեսական իրավունք, որոնց հիմքով ես ՍԴ չեմ կարող դիմել»։

Փոփոխությունների ընդունումից հետո քաղաքացիները ՍԴ-ում չեն կարողանա վիճարկել նաև իրենց սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների, առողջության պահպանության և նվազագույն աշխատավարձի սահմանադրական նորմի խախտման դեպքերը։

XS
SM
MD
LG