Մատչելիության հղումներ

Նախագահն ու արտգործնախարարը ընդունել են ԵՄ հատուկ ներկայացուցչին


Նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել են Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է Եվրոպական միության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը։

Դեսպան Զալբերը, կարևորելով հիմնահարցի շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հավաստիացրել է, որ Եվրոպական Միությունը հանձնառու է շարունակելու տարածաշրջանում իր հավասարակշռված քաղաքականությունը:

Հայաստանի նախագահն, անդրադառնալով Հերբերտ Զալբերի հետ շուրջ չորս ամիս առաջ կայացած նախորդ հանդիպումից հետո իրավիճակին, նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում լարվածությունը տարածաշրջանում լրջորեն աճել է՝ ուղղակիորեն սպառնալով ԼՂ և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման ու ամրապնդման:

«Հյուրի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր մոտեցումները ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը կարևորել է միջազգային հանրության և իրավասու միջազգային կառույցների ժամանակին ու հասցեական, այլ ոչ թե ընդհանրական հայտարարությունները հրադադարի խախտումների կապակցությամբ, ինչպես նաև որոշակի միջոցների ձեռնարկումը, որոնք կկանխեն հետագա որևէ սադրանք: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է լուծվել միայն կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ էլ՝ Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերը կարևորել են Եվրոպական Միության խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների մանդատի տրամադրումը:

«Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կմշակվի մի փաստաթուղթ, որը կարտացոլի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը և կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG