Մատչելիության հղումներ

Վարորդները մթնեցված ապակիների համար կտուգանվեն


Ոստիկանությունը հայտարարում է, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ըստ սահմանված կարգի չհամապատասխանեցնելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Ըստ Ոստիկանության, ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ պատահարների ու հատկապես՝ վրաերթերի մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ։

Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել օրենքով սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես հեռացնել, այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

«Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի՝ 50 հազար դրամի չափով», - ասված է Ոստիկանության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG