Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «պարզունակ և ուղղորդող քարոզչություն» է որակում Արամ Մանուկյանի ահազանգը


Ոստիկանությունն այսօր արձագանքել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ ընտրողների ցուցակներն ուռճացնելու մասին հայտարարությանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է․

««Չորրորդ իշխանություն» թերթի հոկտեմբերի 31-ի համարում հրապարակված «Ընտրակեղծիքի բունը ցուցակներն են» հոդվածում անդրադարձ է կատարվել Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իբր իշխանություններն ուռճացնում են ընտրողների ցուցակները՝ ավելացնելով հանրաքվեի արդյունքները կեղծելու հնարավորությունները՝ ID քարտերով քվեարկելու հնարավորություն ստեղծելը մեկնաբանելով որպես ընտրակեղծիքի հնարավորություն ստեղծելու գործիք:

Բացի այդ, ինչպես Արամ Մանուկյանի, այնպես նաև որոշ քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվում 183.000 նույնականացման քարտի առկայությունը:

Ապատեղեկատվությունը հերքելու նպատակով պարզաբանում ենք, որ բնակչության պետական ռեգիստրից ստացված տեղեկատվության համաձայն՝ 23.10.2015 թ. դրությամբ 558.401 քաղաքացի ստացել են նույնականացման քարտ, որից 182.391-ը հին նմուշի անձնագրեր չունեն:

Մասնավորապես՝ անձնագրի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի լինելու, փաստաթղթում անճշտության առկայության, անհատական տվյալների փոփոխության, վավերականության առավելագույն ժամկետը լրանալու, ինչպես նաև առաջին անգամ անձը հավաստող փաստաթուղթ ստանալու հիմքերով անձնագրավորման համար դիմելիս՝ քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի փոխարեն հատկացվել են նույնականացման քարտեր, քանի որ, գործող օրենքի համաձայն, հին նմուշի անձնագրերն աստիճանաբար հանվում են շրջանառությունից:

Նույնականացման քարտերի միջոցով ընտրակեղծիքներ կատարելու վերաբերյալ նույն անձանց կրկնվող հայտարարություններն այլևս գնահատում ենք որպես պարզունակ և ուղղորդող քարոզչություն, ուստի դրանց չենք հակադարձում:

Միաժամանակ՝ հանրաքվեի օրինական ընթացքի մեջ շահագրգռված բոլոր կազմակերպություններին առաջարկում ենք ընտրացուցակների մեջ նույն ընտրողի տվյալների կրկնության բացառված լինելու մեջ համոզվել, ընտրացուցակներում էլեկտրոնային որոնում կատարելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG