Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը:
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև համատեղ հայտարարություններով:
«Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան: Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առևտրաշրջանառությունն ավելացել է, և նույն միտումը կա 2015թ. ինy ամիսների արդյունքով»,- ասել է Սերժ Սարգսյանը։