Մատչելիության հղումներ

Իտալիայի Աբրուցցո նահանգը և Ռավեննա քաղաքը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը


Իտալիա - Ռավեննա
Իտալիա - Ռավեննա

Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:

Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. - «Այսօր մենք մի գեղեցիկ էջ գրեցինք մեր նահանգի քաղաքական պատմության մեջ: Նման կարևոր հարցի վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը նահանգային խորհրդի հասունության մեծ վկայությունն է: Հուսով եմ, որ մեր ամենօրյա հոգսերից այդքան հեռու անցյալում տեղի ունեցած անարդարությունների մասին հիշողությունը մեզ կուղղորդի դատապարտելու նաև մեր օրերում տեղի ունեցող հետապնդումներն ու բռնությունները և գործնական օգնություն ցուցաբերելու դրանց զոհերին»:

Աբրուցցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավեննա քաղաքն է միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ռավեննայի Քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG