Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել է հայ համայնքին:
Ermenihaber-ը, վկայակոչելով Ստամբուլից ստացված լուրերը, նշում է, որ «Քամփ Արմեն»-ի սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը:
Ermenihaber-ը հիշեցնում է, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: Այն 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007 թվականին Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել:
«Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը», - նշում է Ermenihaber-ը: