Անցած գիշեր Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիրի նահանգում ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 7 զինյալներ են սպանվել, 12-ը ձերբակալվել են:
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը զուգահեռ գործողություններ է իրականացրել 17 շինություններում, որոնցում ենթադրաբար կարող էին պատսպարվել ԻՊ ահաբեկիչներ: Դիարբեքիրի արվարձանում գտնվող մի մեկուսի տուն իրավապահների մուտք գործելիս ահաբեկիչները գործի են դրել տնամերձ այգում նախապես տեղադրված պայթուցիկը, ինչի հետևանքով վիրավորվել են 7 ոստիկաններ, նրանցից 2-ը հիվանդանոցում մահացել են:
Թուրքիան ակտիվացրել է հակաահաբեկչական գործողությունները հոկտեմբերի 10-ին Անկարայում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների,102 մարդ է զոհվել, նշում է թուրքական պարբերականը: