Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը հայտարարում է, որ ի սկզբանե հայտնվել է քարոզչության անհավասար պայմաններում


«Ոչ»-ի ճակատի հանրահավաքը Գյումրիում, 25-ը սեպտեմբերի, 2015թ.
«Ոչ»-ի ճակատի հանրահավաքը Գյումրիում, 25-ը սեպտեմբերի, 2015թ.

«Ոչ»-ի ճակատը բացել է քարոզչական հիմնադրամի հաշվեհամար՝ հայաստանցիներին ուղղված կոչով ակնկալելով նաև հանգանակություն:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես, Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունները և «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը միասնական հայտարարությունում ընդգծում են, որ ի սկզբանե հայտնվել են քարոզչության անհավասար պայմաններում, քանի որ «գործի է դրվելու ընտրակեղծարար մեքենան, Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը աջակցելու են ժողովրդից թալանած կապիտալն ու իշխանությանը սատարող բոլոր հեռուստաալիքները»:

Միաժամանակ Արամ Մանուկյանը շեշտում է, որ նույնիսկ դա կարող է չօգնել Հանրապետական կուսակցությանը. - «Վարչական առումով, ֆինանսական առումով՝ այո՛, բայց դա կապ չունի, մենք էլ ունենք ուրիշ ռեսուրս, որ իրենք չունեն՝ ժողովրդի աջակցությունը։ Իրենք բացարձակ զուրկ են այդ մասով, իրենց միայն վարչական ապարատի մի մասը կքվեարկի»։

Այսօրվանից արդեն «Ոչ»-ի ճակատը սկսել է մարզային այցերը, շրջում են գյուղերով՝ պատրաստվելով նաև ամսվա վերջին կայանալիք երևանյան հանրահավաքին։

«Աշխատելու ենք ծածկել ամբողջ Հայաստանը, ինչքան որ կարողանանք, ինչքան որ մեր ժամանակային, մարդկային, ֆինանսական ռեսուրսները հերիքեն։ Մեր միակ գործիքը դա է, մեր միակ շանսը, որ ժողովուրդը ըմբոստանա, ոտքի ելնի, գա քվեարկի՝ իմանալով հանդերձ, որ սա քվեարկություն է Սերժ Սարգսյանի դեմ։ Մեր «ոչ»-ը դեմ է և՛ Սահմանադրությանը, և՛ Սերժ Սարգսյանին»,- ասաց Արամ Մանուկյանը։

«Նոր Հայաստան»-ը արդեն բարձրաձայնում է ճնշումների մասին

Ընդդիմադիր մյուս ճակատը, որ պատրաստվում է անհնազանդությունների ակցիաներով տապալել հանրաքվեն՝ հասնելով իշխանափոխության, դեկտեմբերի 1-ի հանրահավաքից ավելի քան մեկ ամիս առաջ բարձրաձայնում է իշխանական ճնշումների մասին:

Հակադարձելով Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե իրավապահները ձեռքերը ծալած չեն նստելու՝ «Նոր Հայաստան» շտաբն այսօր բողոքի նամակներ հանձնեց մի շարք միջազգային կառույցների և օտարերկրյա դեսպանությունների։

«Մինչ Սերժ Սարգսյանը Եվրոպայում ստեղծում է այնպիսի շղարշ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում իր կուսակցությունը և իր վարչախումբը հանրաքվեի քարոզչության սկզբնական փուլում արդեն իսկ սկսել են սպառնալիքներ հնչեցնել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին ձերբակալելու վերաբերյալ»,- ասաց ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ իշխանական ճամբարից հնչող հայտարարություններն ակնհայտ ուղղորդում են իրավապահներին՝ ապրիլ 24-ից առաջ փորձարկված սցենարով ազատազրկել առաջնորդներին՝ ջլատելով շարժումը.- «Ակնկալում ենք, որպեսզի միջազգային հանրությունը տեղյակ լինի, որ Հայաստանը բռնակալական երկիր է, և Սերժ Սարգսյանը բռնապետ է»։

«Նոր Հայաստան»-ին միացած «Ոտքի՛, Հայաստան»-ն էլ, մինչև դեկտեմբեր չսպասելով, արդեն առաջիկա երկուշաբթի՝ խորհրդարանական քառօրյային զուգահեռ, չորս օր շուրջօրյա նստացույց է անցկացնելու Ազգային ժողովի առջև։ «Բոլորին ցույց ենք տալիս, որ իրականում այդ քաղաքական, պետական մարմինը չ ի գործում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի փոխանցմամբ՝ պատգամավորների առջև դրվելիք պահանջները երեքն են՝ քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել մանրամասն տեղեկություններ վերջին տարիներին կառավարության ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև նախորդ ընտրություններում Հայաստանից բացակայած մարդկանց ցուցակը.- «Բազմաթիվ են տեղամասերը, որտեղ մասնակցությունը եղել է անհավանական բարձ՝ 80, 90, 100 տոկոս և հիմնականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի օգտին»։

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությանը մոտ երեք ամիս չհաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշն ու նստացույցը տեղափոխել Հանրապետության հրապարակի կենտրոն, դա, սակայն, հետ չի պահում խորհրդարանի մոտ գիշերելու որոշումից։

«Թույլ չտալու որևէ իրավական հիմք ոստիկանությունը չունի»,- ասաց Ղուկասյանը։

XS
SM
MD
LG