Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը 132.000 դոլար արժողությամբ սարքավորումներ է նվիրաբերել Քննչական կոմիտեին


Ռիչարդ Միլսի հանդիպումը Աղվան Հովսեփյանի հետ, 20-ը հոկտեմբերի, 2015թ.
Ռիչարդ Միլսի հանդիպումը Աղվան Հովսեփյանի հետ, 20-ը հոկտեմբերի, 2015թ.

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր հանդիպել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեսպանը 132 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ և համակարգչային ծրագիր է նվիրաբերել կոմիտեին։

«Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարք, և Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը, նպաստել քննչական գործողությունների արդյունավետությանը և բարելավել փաստաթղթաշրջանառությունը տարբեր ստորաբաժանումների միջև: Բացի այդ, նվիրաբերված սարքավորումները թույլ կտան բարելավել կապը ոստիկանության տվյալների բազաների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1.5 միլիոն դոլար:

«Միացյալ Նահանգներն աշխատում է հայ գործընկերների հետ անվտանգ, բարեկեցիկ ու ժողովրդավար պետություն կերտելու հարցում», - ասել է դեսպանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության հետ՝ «ձևավորելու արդարադատության ամուր, թափանցիկ և հաշվետու համակարգ»:

ԱՄՆ դեսպանատան կողմից Քննչական կոմիտեին ցուցաբերված աջակցության համար Աղվան Հովսեփյանի հրամանով Միլսը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, իսկ դեսպանատան աշխատակիցները՝ հուշանվերներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG