Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ն Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ կսկսի


ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները
ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր որոշում է կայացվել Իսրայելի Պետության հետ սկսել բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ:

Ղազախստանում տեղի ունեցած նիստի ընթացքում, համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են միության առավել արդիական խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են երրորդ երկրների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ փոխգործակցության կարգը սահմանող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հաստատել են «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» և «ԵԱՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»:

Միության պետությունների ղեկավարները հաստատել են ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլան-ժամանակացույցի համապատասխան: Կողմերը հաստատել են նաև ԵԱՏՄ մարմիններում արտաքին աուդիտի մասին դրույթները:

Կողմերը քննարկել են կադրային և ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում ԵԱՏՄ դատարանի գտնվելու պայմանների և Ղրղզստանի Հանրապետությունից դատավորների պաշտոններում նշանակումների հարցը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է նաև ԵԱՏՄ-ում նոր անդամների ընդունման և անդամակցության դադարեցման Կարգը:

Նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG