Եվրամիության և Թուրքիայի ղեկավարները Բրյուսելում համաձայնություն են ձեռք բերել Եվրոպա միգրանտների ներհոսքի զսպմանն ուղղված գործողություններում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքով, մոտ օրերս Անկարային տրամադրվելիք օգնության չափը կքննարկվի Թուրքիայի իշխանությունների հետ, իսկ վիզային ռեժիմի պարզեցման հարցը կարագացվի։
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «զգուշավոր լավատեսությամբ է մոտենում» ձեռք բերված համաձայնությանը։
Ըստ վիճակագրության, Թուրքիայում ապաստանել է մոտ երկու միլիոն փախստական, հիմնականում Սիրիայից։
Հիշեցնենք, ավելի վաղ Թուրքիան դիմել էր Եվրամիությանը 3 միլիարդ եվրո օգնություն ստանալու համար, որոնք կուղղվեն փախստականների կենտրոններին։ Թուրքիան նաև խնդրել էր դյուրացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել Շենգենյան գոտու երկրներ։
Այս տարի մոտ 600 հազար միգրանտներ են ժամանել Եվրոպա։ Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, նրանց մեծ մասը Եվրոպա է հասել Թուրքիայով։