Մատչելիության հղումներ

2008-ին 4 ամսական երեխայի սպանության փաստով այսօր գործ է հարուցվել, կա բերման ենթարկված


Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ։

«Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», որի համար սահմանված է 6-ից մինչև 12 տարվա ազատազրկում։ Քրեական գործի շրջանակում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։

38-ամյա կինը բերման է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG