Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատրաստ է օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը»


Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին։

Իվանովը և ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները Հայաստանում են՝ համակարգող խորհրդի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես Կազմակերպությունում նախագահող երկիր, պատրաստ է ակտիվորեն օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ թմրամիջոցների տարածման վտանգն աշխարհում օր օրի ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում, և համամարդկային այդ չարիքի ու վտանգավոր հանցավորության դեմ պայքարը պահանջում է ջանքերի համադրում:

Հայաստանի նախագահը և Ռուսասատանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրենը կարևորել են նաև երկկողմ ձևաչափով գործակցությունը՝ նկատի առնելով, որ հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունների ընդգրկուն օրակարգում իր ուրույն տեղն ունի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG