Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վրդովված ռուսական օդուժի՝ իր երկրի տարածք ներխուժումներից, սպառնացել է գազ չգնել Ռուսաստանից և ատոմակայանի կառուցումը հանձնել այլ երկրի:
«Մենք չենք կարող հանդուրժել ներկայիս իրավիճակը: Ռուսաստանի բացատրությունները օդային սահմանի խախտման վերաբերյալ համոզիչ չեն», - Sabah թերթը և թուրքական այլ պարբերականներն են մեջբերել Ճապոնիա պաշտոնական այցով մեկնելու ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանի ասածը:
«Սրանք հարցեր են, որոնց շուրջ Ռուսաստանը պետք է մտածի: Եթե ռուսները չկառուցեն Ակկույուն (ատոմակայանը), մեկ ուրիշը կգա և կկառուցի այն», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը և շարունակել․ - «Մենք Ռուսաստանի գազի թիվ մեկ սպառողն ենք: Թուրքիան կորցնելը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է իր բնական գազը հայթայթել այլ շատ տեղերից»:
Էրդողանը նաև ասել է, որ զայրացած է Սիրիայում ռուսական միջամտության փաստից, բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել այս պահին չի ծրագրում:
Reuters-ը նշում է, որ Ռուսաստանը Թուրքիայի գազի ամենամեծ մատակարարն է՝ Անկարան տարեկան Ռուսաստանից գնում է իրեն անհրաժեշտ 50 միլիարդ խորանարդ մետր գազից 28-30 միլիարդ խորանարդ մետրը: Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Թուրքիան 2013 թվականին Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիային է վստահել իր առաջին ատոմակայանի կառուցման 20 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը, թեև շինարարության մեկնարկի ժամկետը դեռ հաստատված չէ:
«Ի պաշտպանություն նախագահ Բաշար ալ-Ասադի Ռուսաստանի ավիահարվածները փոխել են ուժերի հավասարակշռությունը սիրիական հակամարտությունում և հարված հասցրել Ասադին իշխանությունից հեռացված տեսնելու՝ Թուրքիայի ձգտումներին: Բայց բողոքելուց զատ քիչ բան կա, որ Թուրքիան կարող է անել», - նկատում է Reuters-ը՝ վկայակոչելով գազի ոլորտի պաշտոնյաների կարծիքը, որ Էրդողանի հայտարարությունները իրատեսական չեն, և Թուրքիան գազի հարցում կախված կմնա Ռուսաստանից կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում:
Մոսկվան «օգնում է ապահովել անվտանգությունը Թուրքիայի սահմանին»
Այսօր արձագանքելով Թուրքիայի նախագահի հայտարարություններին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինը, «անկասկած, տեղեկացվել է» դրանց մասին:
Հավաստիացնելով, որ Ռուսաստանը ավանդաբար բարձր է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները, և հույս հայտնելով, որ դրանք հետագայում ևս վերելք կապրեն՝ «համաձայն նախագահ Պուտինի և նախագահ Էրդողանի ուրվագծած պլանի», Կրեմլի խոսնակը շեշտել է, որ «այդ համագործակցությունը փոխշահավետ է և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին»:
Իսկ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ Պեսկովը, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ դրանք օգնում են ապահովել անվտանգությունը Թուրքիայի սահմաններին, ինչին չի հաջողվել հասնել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի իրականացրած ռմբակոծություններով:
«Այդ գործողությունները հենց նպատակ ունեն նպաստել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանմանը, դրանով իսկ ներդրում կատարելով այն տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում, որը սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը: