Մատչելիության հղումներ

Փոստանջյանը օգնականի հետ կապված միջադեպը իր դեմ ճնշում է համարում


Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ
Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Զարուհի Փոստանջյանը երեկ ստիպված եղավ խորհրդարանի խոսնակի ամբիոն բարձրանալ՝ հենց նիստի ընթացքում Գալուստ Սահակյանից բացատրություն պահանջելու, թե ինչու է արդեն երկրորդ օրն արգելում իր օգնականին Ազգային ժողով մտնել։

«Թույլ մի՛ տվեք, որ ես օրենքով շարժվեմ։ Ես հիմա չգիտեմ՝ անվտանգությանը կանչեմ, թե «Շտապ օգնությանը»,- իրեն մոտեցած Փոստանջյանին էր ասում Սահակյանը։

Սկանդալային այս միջադեպից հետո է միայն Գալուստ Սահակյանը թույլ տվել ընդդիմադիր պատգամավորի օգնականին բարձրանալ Փոստանջյանի աշխատասենյակ։

«Ես էնտեղ կանգնած էի, տեսա, որ ինչ-որ մարդիկ հայտով անցնում են։ Օրինակ, իմ ներկայությամբ մի սփյուռքահայ մտավ»,- պատմեց պատգամավորի օգնական Սեդա Մելիքյանը։

Մելիքյանը նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ է. նախորդ ամիս խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստին Զարուհի Փոստանջյանի հրավերով նա դահլիճ էր բերել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին, որպեսզի մասնակցեին իրենց հարցով քննարկմանը, ինչը ակնհայտորեն դուր չէր եկել հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանին: Նա Փոստանջյանին մեղադրել էր շոու կազմակերպելու մեջ։

«Այդ մայրիկները արդեն որերորդ տարին ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են անում։ Հիմա ինչո՞ւ Ազգային ժողովում նրանց հայտնվելը էդքան սուր ընկալվեց, որ վախեցան, թե եկել են էստեղ շոու անելու։ Ես չեմ պատկերացնում՝ որն է սևազգեստ մայրերի շոուն, եթե նրանք ընդամենը պահանջում էին ստեղծել հանձնաժողով, որը կքններ պատճառը, թե ինչու են երեխաները զոհվել»,- ասաց Փոստանջյանի օգնականը։

Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ սա ճնշում է անձամբ իր դեմ, քանի որ խորհրդարանի աշխատակազմը, դռները փակելով միայն իր օգնականի առջև, խտրական ձևով այլ հյուրերի թույլ է տվել մուտք գործել շենք։ «Գալուստ Սահակյանի ապօրինի հրամանի ներքո է եղել դա»,- ասաց նա։

«Ժառանգության» պատգամավորը տարակուսած էր խորհրդարանի խոսնակի պահանջից՝ օգնականների ու իրեն այցելողների հետ այսուհետև հանդիպել հիմնական մասնաշենքից դուրս՝ ընդունարանում։

«Պատգամավորը իրավունք ունի ցանկացած օր, ցանկացած ժամ ընդունելություն կազմակերպել։ Խոչընդոտել քաղաքացիներին շփվելու իրենց ձայնը ներկայացողների հետ, իրենց լիազոր ներկայացուցիչների հետ՝ ուղղակի աբսուրդ է։ Նշանակում է, որ Գալուստ Սահակյանը արդեն ուզուրպացրել է ամբողջ օրենսդիր իշխանությունը»,- ասաց պատգամավորը։

Անցած տարի հենց այս օրերին Զարուհի Փոստանջյանը փորձում էր Գալուստ Սահակյանին դատական պատասխանատվության կանչել, Ազգային ժողովի ղեկավարը համառորեն հրաժարվում էր շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` ընդդիմադիր պատգամավորի հեղինակած հայտարարության նախագիծը։

«Պարզ է, որ Գալուստ Սահակյանի համար իմ նախաձեռնությունները ցանկալի չեն։ Նա փորձում է ապօրինի միջամտություն գործադրել»,- ասաց Փոստանջյանը։

Այն, որ արհեստական խոչընդոտներով փորձ է արվում խափանել ընդդիմադիրների աշխատանքը, երեկ խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնեց նաև Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը.- «Ինչպես նախկին այդ 400 հատ տեսախցիկները ներկայացրեցին, հիմա էլ Գալուստ Սահակյանը ինձ իրավունք չի տալու, որպեսզի ես մարդ հրավիրեմ, հարցազրույց տամ, մինչև չորս հոգի ստորագրություն է տալու, որպեսզի մի ժուռնալիստ մտնի պառլամենտ դեպուտատի մոտ։ Սա տոտալ վերահսկողության մեխանիզմ է»։

Խորհրդարանի աշխատակազմը, մինչդեռ, պնդում է, որ անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել, ընդամենը նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG