Մատչելիության հղումներ

Պորոշենկո. Փարիզի հանդիպումը Ուկրաինայի օկուպացված տարածքների վերադարձի նախաբանն էր


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կիրակի օրը անդրադարձել է անցած շաբաթավերջին Փարիզում կայացած «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպման արդյունքներին: Մի քանի հեռուստաընկերություններին Պորոշենկոյի տված հարցազրույցը ուղիղ հեռարձակել է «Ուկրաինա» հեռուստաընկերությունը:

Պորոշենկոն ասել է, թե փարիզյան հանդիպումը ժամանակավորապես օկուպացված տարածքները՝ Ղրիմը և Դոնբասը Ուկրաինային վերադարձնելու գործընթացի նախաբանն էր:

Նա ընդգծել է, որ վերջին երեք օրվա ընթացքում հակամարտության գոտում ոչ մի կրակոց չի հնչել նույնիսկ հրաձգային զենքից: Նրա խոսքով՝ փարիզյան հանդիպումը անցումային քայլ էր հրադադարից դեպի հաշտեցում: Անդրադառնալով Դոնբասում կայանալիք տեղական ընտրություններին՝ Պորոշենկոն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հորդորել ռուսամետ անջատականներին չեղյալ հայտարարել նշանակված ընտրությունները։

Դոնբասի ընտրությունների հետ կապված լարվածություն էր առաջացել, քանի որ ռուսամետ անջատականները որոշել են ընտրություններ անցկացնել ոչ թե ամբողջ երկրով անցկացվող ընտրությունների հետ նույն օրը, այլ մեկ ուրիշ օր. Դոնեցկը՝ ավելի վաղ, Լուգանսկը՝ ավելի ուշ:

Ավելի վաղ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները որոշել էին արևելյան շրջաններում ընդհանրապես քվեարկություն չանցկացնել՝ նկատի ունենալով շարունակվող հակամարտությունը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Դոնբասի ընտրություններին, ասել է, թե ընտրությունների օրը փոխելու հնարավորության հետ կապված՝ Մոսկվան դեռ սպասում է Դոնեցկի և Լուգանսկի արձագանքին։ Լավրովը նաև գոհունակություն է հայտնել տեղի ունեցած հանդիպումից, նշելով, որ կողմերը հասկացան, որ փետրվարին Մինսկում ձեռք բերված համաձայնության պայմանները պետք է ամբողջությամբ կատարվեն։

«Առանցքային նշանակություն ունի Դոնբասի հատուկ կարգավիճակի ապահովումը: Ընդ որում՝ դա պետք է լինի մշտական հիմքի վրա, ոչ թե մեկ-երկու տարով։ Դա սևով սպիտակի վրա գրվել է Մինսկում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ պնդելով, որ Դոնբասի հատուկ կարգավիճակը պետք է ամրագրվի Ուկրաինայի Սահմանադրությունում:

Փարիզում քննարկվել է նաև ընդհանուր համաներման հարցը, որպեսզի հակամարտության այն մասնակիցները, ովքեր մասնակցել են բախումներին, չհետապնդվեն։ Նման առաջարկով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահը՝ ստանալով Գերմանիայի կանցլերի աջակցությունը:

XS
SM
MD
LG