Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է Բերդավան


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի շրջանակներում, Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի տարածքում:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ:

Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ:

Հոկտեմբերի 1-ին բազմազգ տեսչական խումբն այցելել է պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը:

Խմբի անդամները հանդիպել են զորավարժության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել են զորավարժության ուսումնական կետերում, զրուցել մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը՝ հոկտեմբերի 1-ն, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի և փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG