Եվրոպա ժամանած փախստականների և միգրանտների թիվը այս տարի գերազանցել է 500 հազարը, հաղորդում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը։
Ըստ աղբյուրի՝ ամբողջ 2014 թվականին այդ թիվը երկու անգամ պակաս էր։ Գրասենյակի տվյալներով, այս տարվա սկզբից շուրջ 515 հազար միգրանտներ և փախստականներ Եվրոպա են հասել Միջերկրական ծովով։ Նրանցից 383 հազարը հասել է Հունաստան, 129 հազարն էլ՝ Իտալիա։ Շուրջ 3000 հոգի, ովքեր ծովով փորձում էին հասնել Եվրամիության երկրներ, մահացել կամ անհետ կորել են։
ՄԱԿ-ի տվյալներով՝ միգրանտների մեծամասնությունը հակամարտությունների գոտիներից է, այդ թվում՝ Սիրիայից։ Սիրիայում 2011 թվականին սկիզբ առած հակամարտության պատճառով երկիրը լքել է ավելի քան 4 միլիոն մարդ, ավելի քան 7 միլիոնն էլ դարձել է ներքին տեղահանված։