Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Իտալիայի, Շվեդիայի վարչապետների հետ


Հայաստանի նախագահի և Շվեդիայի վարչապետի հանդիպումը, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2015թ․
Հայաստանի նախագահի և Շվեդիայի վարչապետի հանդիպումը, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2015թ․

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Իտալիայի և Շվեդիայի վարչապետներ Մատեո Ռենցիի և Ստեֆան Լյովենի հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը և Ռենցին քննարկել են հայ - իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական գործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել են փոխըմբռնման ոգով, սակայն երկու երկրների ներուժը թույլ է տալիս առավել սերտացնել երկկողմ հարաբերությունները: Նրանք կարևորել են երկու երկրների միջև կայուն քաղաքական երկխոսության ակտիվացումը, որին, զրուցակիցների համոզմամբ, կարող են զգալիորեն նպաստել հաճախակի փոխայցերը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին Իտալիա կատարած իր պաշտոնական այցը և դրա ընթացքում նախագահ Սերջո Մատարելայի հետ հանդիպումը:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ համատեղ ջանքերով երկու երկրները կարող են որակական նոր մակարդակի բարձրացնել հայ - իտալական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Իտալիան Հայաստանի համար կարևոր է նաև որպես Եվրամիության առաջատար երկիր, որի հետ համընդգրկուն համագործակցության զարգացումը շարունակում է ծանրակշիռ տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Նա հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել Հայաստան-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը:

Սարգսյանը կարևորել է 2012 թվականից հայ - իտալական երկկողմ հարաբերությունների օրակարգում իր ուրույն տեղն զբաղեցնող ռազմական գործակցությունը` ընդգծելով, որ այն չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով․ անցյալ նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում, ինչը կարելի է համարել հայ - իտալական համագործակցության հաջողված օրինակ։

Հայաստանի նախագահը և Իտալիայի վարչապետը կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման մասնակիցներն արձանագրել են, որ վերջին 4 տարվա ընթացքում, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն զգալիորեն մեծացել է: Ավելին՝ նախորդ տարվա ցուցանիշով, Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից հետո:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Սարգսյանն ընդգծել է, որ որպես բարեկամ երկիր՝ Հայաստանի համար կարևոր է Իտալիայի շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում։

Շվեդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը, որը, ըստ նրա, վերջին տարիներին նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով արտաքին գերատեսչությունների ղեկավարների ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ փոխայցերի իրականացմամբ:

Հանդիպման մասնակիցները հայ - շվեդական համագործակցության օրակարգում կարևոր տեղ են վերապահել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և գործակցությանը: Նախագահն ընդգծել է Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ երկրի դերակատարումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներն այսօր դեռևս չեն համապատասխանում Հայաստանի և Շվեդիայի տնտեսական գործակցության առկա մեծ ներուժին, որի ամբողջական բացահայտման համար, կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել փոխադարձ շփումները, տեղեկատվության փոխանակումը, ձևավորել իրավական լիարժեք բազա, կազմակերպել գործարար համաժողովներ։

Սերժ Սարգսյանը կարևորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը կարևորել են բարեկամ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG