«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը այսօր «Ոսկե բանալի» մրցանակ է շնորհել «Ազատություն» ռադիոկայանին՝ որպես «տեղեկատվության ազատության խնդիրները լավագույնս լուսաբանած լրատվամիջոց»։
Մրցանակի է արժանացել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործելու համար:
«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի կազմակերպվել էր 13-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, «Ոսկե բանալի»-ի արժանացան 9 կազմակերպություններ և անհատներ: Մրցանակներ շնորհվեցին նաև պետական գերատեսչություններին:
«Ամենաբաց գերատեսչություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Կոտայքի մարզպետարանը: «Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ» ճանաչվեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Լավագույն նախագծի իրականացնող ճանաչվեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց գյուղատնտեսության նախարարության կայքը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում», - հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:
«Ժանգոտ կողպեքին» արժանացավ Արմավիրի քաղաքապետարանը՝ որպես 2015 թվականի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ:
Մրցանակը հանձնվում է Եվրամիության, ԵԱՀԿ-ի և «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» հետ համատեղ: