Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Նուլանդի, Դաչիչի հետ


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումը Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2015թ․
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումը Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2015թ․

Կիրակի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը և Նուլանդը հանդիպման ժամանակ գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորել են 2015 թվականի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։

Անդրադարձ է կատարվել հայ - ամերիկյան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվել է այս տարվա մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր են փոխանակվել Առևտրի և ներդրումների հայ - ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման վերաբերյալ։

Նուլանդի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը։

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նուլանդը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ - սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ-ի օրակարգի հարցերի։

Նալբանդյանն ու Դաչիչը արձանագրել են, որ հայ - սերբական երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, ուղիղ չվերթների հաստատմանն առնչվող հարցերի։

Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ-ի գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։

Նալբանդյանը նշել է, որ չնայած Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG