Կիևը և Արևմուտքը Մոսկվային մեղադրում են Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին բացահայտ սատարելու, զինուժ, զենք ու զինամթերք, տեխնիկական, ֆինանսական, քարոզչական և այլ օգնություն տրամադրելու մեջ, ինչը Ռուսաստանի ղեկավարները մշտապես հերքում են։
Անցյալ տարվա ապրիլից Ուկրաինայի արևելքում մեկնարկած պատերազմական գործողություններում սպանվել է ավելի քան 7900 մարդ։ Նախագահ Պորոշենկոյի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ նոր վարդապետությունը հաշվի է առնում Ուկրաինայի անվտանգությանը սպառնացող տարբեր սցենարներ, որոնցից գլխավորը ենթադրում է ռազմական-քաղաքական հստակ նպատակների հասնելուն ուղղված ռուսական լայնածավալ հարձակում։
Պորոշենկոյի վավերացրած այդ փաստաթղթում «ռուսական ագրեսիա» են որակվել «Ղրիմի ժամանակավոր բռնակցումը և Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում անջատականների ռազմական գործողությունները»։
Վերլուծաբանները նշում են, որ անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվան նույնպես ընդունել է ռազմական նոր վարդապետություն, ըստ որի Ռուսաստանի համար արտաքին գլխավոր սպառնալիքը ՆԱՏՕ-ն է։
Ուկրաինայի ռազմական նոր վարդապետությունում սպառնալիքներ են համարվում Ուկրաինայի սահմանների մոտակայքում ռուսական զինուժի հզորացումը, Ղրիմի տարածքում մարտավարական նշանակության միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը, ինչպես նաև Մոլդովայում` Մերձդնեստրի տարածքում ռուսական զինուժի տեղակայումը։
Սպառնալիք են համարվում Ուկրաինայի ներքին իրավիճակի ապակայունացմանն ուղղված ռուսական գաղտնի ծառայությունների հետախուզական-քայքայիչ գործողությունները, ապօրինի զինված խմբավորումների գոյությունը, բնակչությանն ահաբեկելու, դիմադրության կամքից զրկելու փորձերը, պետական իշխանության, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների, արդյունաբերության կարևոր հիմնարկների և ենթակառուցվածքի աշխատանքի խափանմանն ուղղված գործողությունները։
Ըստ այդ վարդապետության, կամ, ինչպես հաճախ ասում են, դոկտրինի, Ուկրաինայի համար գլխավոր սպառնալիքը երկրի ներքին գործերին միջամտելու Ռուսաստանի ձգտումն է, որի նպատակն է կանխել Ուկրաինայի ժողովրդի եվրոպական ընտրությունը։
Փաստաթղթում ասվում է.- «Ուկրաինան պատրաստ է բարեկամական հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր պետությունների հետ։ Համապատասխան միջազգային պայմանագրերի հիմքում պետք է դրվեն իրավահավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները»։
Ըստ նոր դոկտրինի, Ուկրաինան ձգտելու է տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինչի համար հարկ կլինի ամբողջությամբ բարեփոխել անվտանգության ապահովման համակարգը և այն հասցնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ չափանիշների։