Մատչելիության հղումներ

Քրգործեր՝ Տավուշում հակառակորդի կողմից սպանության, սպանության փորձի դեպքերի առթիվ


Ադրբեջանցիների կողմից հաճախ գնդակոծվող տարածք Տավուշի մարզում, արխիվ
Ադրբեջանցիների կողմից հաճախ գնդակոծվող տարածք Տավուշի մարզում, արխիվ

Հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից երեկ Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեք բնակչի սպանության, չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ Յոթ տուժածներից հինգը կանայք են, որոնցից երեքը սպանվել են։

Քննչական կոմիտեն մանրամասնում է. - «Երեկ ժամը 16-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչուհի, 83-ամյա Պայծառ Վանեսի Աղաջանյանի առանձնատան ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տան բակում ստացել է հրազենային մարմնական վնասվածք և մահացել»։

Կոմիտեն շարունակում է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, «ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուղղությամբ, որի հետևանքով արկի բեկորներից մահացու վնասվածքներ են ստացել և սպանվել Բերդավան գյուղի բնակիչ, երկու երեխաների մայր, 41-ամյա Սոնյա Վարդանի Ռևազյանը՝ իրենց անասնագոմի մոտ, և 94-ամյա Շուշան Սերգոյի Ասատրյանը՝ իր վագոն տնակում»։

Ըստ կոմիտեի, արկի բեկորներից վնասվածքներ են ստացել նաև վերջինիս աղջիկը՝ 62-ամյա Արփիկ Արտաշի Մարալչյանը, ով գտնվել է տնակի մոտ, նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Արմեն Հայկազի Հախվերդյանը՝ գյուղի ավտոկանգառի մոտ։

«Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել նաև Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել իրենց տան բակում գտնվող երկու բնակիչ՝ 84-ամյա Գուրգեն Իվանի Սիմոնյանը և 45-ամյա Նունե Ռաֆիկի Շահնազարյանը», - ասված է հաղորդագրությունում։

«Կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի վայրերում նույն օրն անհապաղ զննություն իրականացնել հնարավոր չի եղել, քանի որ հակառակորդը շարունակել է կրակել տարբեր տրամաչափի զենքերից», - փոխանցում է Քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG