Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը ՉԺՀ Սիան քաղաքում կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ:

Վերջինս շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ կարևոր համարելով համագործակցության զարգացումը նաև մարզերի միջև:

«Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը», - ասել է Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետի խոսքով, Հայաստանը ողջունել է 2013 թվականին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, և արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստն ունենալ:

Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տերրակոտա զինվորների և ձիերի թանգարան:

Երեկոյան վարչապետը և պատվիրակության անդամները Սիանի կենտրոնական հրապարակում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցների համար կազմակերպված բեմականացված հանդիսություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG