Սեպտեմբերի 19-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին։
«ԿԽՄԿ-ն, իր առաքելության համաձայն, այցելել է այդ ազատազրկված անձանց, որպեսզի ուսումնասիրի նրանց ազատազրկման պայմանները, նրանց հետ վերաբերմունքը, և նաև օգնել է, որպեսզի ազատազրկվածները և ընտանիքների անդամներն իրար հետ կապի մեջ լինեն, այսինքն՝ ընտանեկան բնույթ կրող նորությունների փոխանակում տեղի ունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի գրասենյակի մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը՝ նշելով, որ հանդիպման մանրամասները հրապարակման ենթակա չեն։
«Եթե ինչ-որ բաներ նկատում ենք, ապա կիսվում ենք միայն բանտի իշխանությունների հետ, դա ԿԽՄԿ-ի գործելաոճն է», - ասաց Մուսայելյանը՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է այցելել երկու ադրբեջանցիներին, քանի դեռ նրանք ազատազրկման մեջ են։
Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի վերջին Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։