Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները այսօր Բրյուսելում հանդիպում են՝ քննարկելու, թե ինչպես տեղավորել 120 հազար միգրանտներին:
Հանդիպումից առաջ Չեխիան հայտարարել է, թե չի ընդունելու միգրանտների տեղաբաշխման համակարգը: Նույն դիրքորոշումն ունեն նաև Կենտրոնական Եվրոպայի մի շարք այլ երկրներ:
Միգրանտների ճգնաժամի հարցով Եվրամիության առաջնորդները ևս արտահերթ գագաթնաժողով են անցկացնելու՝ սեպտեմբերի 23-ին:
Մինչ այդ, Խորվաթիայում ոստիկանների և միգրանտների միջև ծեծկռտուք է բռնկվել: Այսօր առավոտյան երկրի Օպատովաչ գյուղում տեղակայված տարանցիկ ճամբարի բնակիչները սկսել են մոտենալ դարպասներին՝ պահանջելով իրենց ազատ արձակել, քանի որ իշխանություններն իրենց խոստացել են, որ ճամբարում կմնան միայն 24 ժամ ու դրանից հետո կարող են շարունակել իրենց ճամփորդությունը: Ի պատասխան, ոստիկանությունը դարպասներից ետ է հրել միգրանտներին:
Երբ օրերս Հունգարիան փակեց Սերբիայի հետ իր սահմանը, Սերբիայի միջոցով Եվրոպական միության հարուստ երկրներ անցնել ձգտող միգրանտները շարժվեցին դեպի Խորվաթիա, որպեսզի այնտեղից հասնեն Գերմանիա: Արդյունքում, Խորվաթիան փակեց Սերբիայի հետ սահմանի ութ անցակետերից յոթը: