Մատչելիության հղումներ

Խորվաթիան ևս փակում է սահմանը միգրանտների դիմաց


Խորվաթիա - Փախստականները Տովարնիկ քաղաքից մեկնում են Եվրամիության այլ երկրներ, 18-ը սեպտեմբերի, 2015թ․
Խորվաթիա - Փախստականները Տովարնիկ քաղաքից մեկնում են Եվրամիության այլ երկրներ, 18-ը սեպտեմբերի, 2015թ․

Հունգարիան էլ շարունակում է ցանկապատ կառուցել, այժմ արդեն՝ Խորվաթիայի հետ սահմանին:

Խորվաթիան ևս միգրանտների դիմաց փակում է իր սահմանը: Փախստականների զանգվածային հոսքի հետևանքով Խորվաթիայի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ Սերբիայի հետ սահմանային 8 անցակետերից 7-ը փակվում է մինչև հետագա որոշում ընդունելը:

Խորվաթիան նաև զգաստության աստիճանի է բերում բանակը՝ կապված միգրանտների բազմահազարանոց հոսքի հետ․ վերջին երկու օրվա ընթացքում 13 հազար միգրանտ է մտել երկիր:

Հարևան Սլովենիան ասել է, որ կանգնեցրել է Խորվաթիայից միգրանտներին բերող գնացքը և մոտավորապես 150 մարդու հետ ուղարկել Զագրեբ, քանի որ նրանք անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունեցել:

Սլովենիայի վարչապետը ասել է, թե իր երկիրը հավատարիմ կմնա Շենգենյան գոտու բաց սահմանների սկզբունքին, բայց միգրանտների համար միջանցք չի բացվի, որ նրանք Սլովենիայով անցեն Ավստրիա:

Այն բանից հետո, երբ Խորվաթիան ևս Սերբիայի հետ սահմանին խիստ վերահսկողություն սահմանեց, տասնյակ հազարավոր փախստականներ այլևս չեն կարողանում Բալկաններից առաջ շարժվել:

Միգրացիայի հարցերով Սերբիայի նախարար Ալեքսանդր Վուլինը ասել է, թե անընդունելի է, որ Խորվաթիան կամ որևէ այլ երկիր փակում է միջազգային ճանապարհները:

Հունգարիայի արտգործնախարարը ևս երեկ երեկոյան կայացած ասուլիսում քննադատել է Խորվաթիայի իշխանություններին:

«Միգրանտներին աջակցելու Խորվաթիայի համակարգը փլուզվեց մեկ օրվա ընթացքում», - հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարթուն, - «Ի՞նչ է անում Խորվաթիան: Միգրանտներին հաշվառելու, հոգ տանելու փոխարեն նրանց ուղարկում են Հունգարիա կամ Սլովենիա»:

Երեկ հունգարական մամուլը գրել է, որ Սերբիայի հետ սահմանը ցանկապատելուց հետո, Խորվաթիա անցած միգրանտները հիմա էլ այնտեղից են մտնում Հունգարիա:

Բուդապեշտը շտապ որոշել է ուժեղացնել Խորվաթիայի հետ սահմանի վերահսկողությունը: Սահմանին արդեն տեղակայվել են հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ, ու սկսել են ցանկապատել նաև Խորվաթիայի հետ սահմանը:

Միգրանտների հարցով ամենակոշտ դիրքորոշումը ցուցաբերող Հունգարիան, ինչպես երևում է, որոշել է ցանկապատել իր արևելյան ու հարավային բոլոր սահմանները:

Վարչապետ Վիկտոր Օրբանը ասել է, թե Խորվաթիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու աշխատանքները արդեն սկսվել են:

Առաջին փուլում արագորեն կկառուցվի 41-կիլոմետրանոց ցանկապատ սահմանի ցամաքային հատվածում, որը նախատեսվում է ավարտել այսօր երեկոյան: Ավելի ուշ կանցնեն սահմանի մյուս հատվածների ուժեղացմանը, որտեղով գետ է անցնում:

Հունգարիան պլանավորում է ցանկապատել նաև Ռումինիայի հետ սահմանը:

Բուլղարիան սկսել է 1000 զինվոր ուղարկել Թուրքիայի սահման, որտեղ սահմանամերձ քաղաքի մոտ արդեն երրորդ օրն է հարյուրավոր միգրանտներ են կուտակվել:

Այս շաբաթվա սկզբին միգրանտների հոսքը Խորվաթիա ուղղվեց այն բանից հետո, երբ Հունգարիան ցանկապատելով փակեց իր սահմանը Սերբիայի հետ, ու միգրանտներն արդեն Խորվաթիայի տարածքով սկսեցին շարժվել դեպի Արևմտյան Եվրոպա: Շաբաթվա սկզբին Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը ասել էր, թե միգրանտներին կթույլատրեն անցնել Խորվաթիայի տարածքով, նրանց օգնություն կցուցաբերվի, բայց ներքին գործերի նախարարը այսօր ասել է, թե «ներկա պահին երկրի հնարավորությունները գերհագեցած են»:

28 անդամներից կազմված Եվրամիությունը չի կարողանում համաձայնության հասնել Մերձավոր Արևելքի հակամարտություններից ու Հյուսիսային Աֆրիկայից փախչող հարյուր հազարավոր մարդկանց ընդունելու և տեղաբաշխելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG