Առաջին անգամ «սառը պատերազմի» ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը սկսել է Ռուսաստանը դիտել որպես հավանական ագրեսոր։
Պենտագոնը մշակում է մերձբալթյան հանրապետություններ ռուսական բանակի հնարավոր ներխուժմանն արձագանքելու ծրագրեր։
Foreign Policy վերլուծական հանդեսի փոխանցմամբ, ամերիկացի զինվորականները ենթադրում են, որ Մոսկվայի ռազմական թիրախը կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ Լատվիայի և Էստոնիայի տարածքները։
Հանդեսի մեկնաբան Յուլիա Յոֆֆեն նշում է, որ Պենտագոնում կազմել են երկու հնարավոր տարբերակ։ Առաջինը կիրագործվի, եթե ռուսները ներխուժեն Մերձբալթիկա, երկրորդը ենթադրում է գործողություններ այն դեպքում, եթե ռուսները գրավեն «ՆԱՏՕ-ի պաշտպանությունից դուրս գտնվող որևէ երկիր»։
Անցյալ տարվա հունիսին թոշակի է անցել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի զինված ուժերի զարգացման գծով տեղակալի օգնական Դեյվիդ Օչմանեկը։ Որոշ ժամանակ անց Բարաք Օբամայի վարչակազմը Օչմանեկին խնդրել է նախագահի Տալլինն կատարելիք այցի կապակցությամբ վերլուծել Բալթյան տարածաշրջանում հնարավոր զարգացումները։
Նրան խնդրել են նաև կազմակերպել հրամանատարաշտաբային զորախաղեր երկու պայմանական կողմերի մասնակցությամբ, որտեղ «կարմիրը» կատարել է Ռուսաստանի, իսկ «կապույտը»` ՆԱՏՕ-ի դերը։
Զորավարժությունների սցենարի հիմքում դրվել են ռուսների կողմից Ղրիմի բռնազավթումը և Ուկրաինայի արևելյան շրջաններում իրականացրած գրոհները։ Ըստ սցենարի, առաջին փուլում «կարմիր» կողմը սկսել է քաղաքական ճնշում գործադրել Էստոնիայի և Լատվիայի վրա, որտեղ կան մեծ թվով ռուսախոս բնակիչներ, ապա հայտնվել են պայմանական սադրիչները, որոնք կազմակերպել են «ցույցեր» և վարչական շենքերի «գրավումներ»։
«Մեր նպատակն էր հասկանալ` արդյոք ՆԱՏՕ-ն ի զորու կլինի՞ պաշտպանել այդ երկրները։ Արդյունքը շատ ճնշող էր։ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեների կրճատման և «կապույտ» թիմում Ամերիկայի դերի թուլացման հետևանքով, «կապույտները» մարդուժի առումով կրկնակի զիջել են «կարմիրներին», - ասել է Օչմանեկը։
Նրա խոսքով, այդպիսի վիճակ կլինի նույնիսկ այն դեպքում, եթե Բալթյան շրջան ուղարկվեն Եվրոպայում տեղակայված Ամերիկայի և ՆԱՏՕ-ի բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ Հյուսիսային Կարոլինայում գտնվող 82-րդ դեսանտային դիվիզիան, որը պետք է 24 ժամում պատրաստ լինի գործողության վայր հասնել։
Ըստ Օչմանեկի, ռազմական վերլուծաբանները 8 ժամվա ընթացքում մոդելավորել են 16 տարբերակ, և բոլոր դեպքերում «կապույտները» տանուլ են տվել։
«Ես չեմ կասկածում, որ ՆԱՏՕ-ն ի վերջո կհաղթի և կվերականգնի անդամ երկրի տարածքային ամբողջականությունը։ Չեմ պնդում, որ դա հեշտ կլինի, իմ աշխատանքը ռիսկերը նվազեցնելն է», - ասել է Օչմանեկը։
Հաշվի առնելով ամերիկացի բարձրաստիճան զինվորականների վերլուծությունները՝ Վաշինգտոնն ընդունել է Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպա ծանր տեխնիկա և հարկ եղած դեպքում հինգ հազար զինծառայող ուղարկելու որոշում։