Մատչելիության հղումներ

Նախագահը հանձնարարել է ամփոփել հրետակոծությունից տուժած համայնքների վնասների գնահատումը


Ադրբեջանական կրակոցներից վնասված տուն սահմանամերձ Կոթի գյուղում, 4-ը սեպտեմբերի, 2015թ.
Ադրբեջանական կրակոցներից վնասված տուն սահմանամերձ Կոթի գյուղում, 4-ը սեպտեմբերի, 2015թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հանձնարարել է սեպտեմբերի 1-6-ը հրետակոծությունից տուժած մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով հնարավորինս արագ (առավելագույնը 10 օրվա ընթացքում) ամփոփել տուժած 13 համայնքների վնասների գնահատումը` ֆինանսական օժանդակության վերաբերյալ համապատասխան հայտ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ համալիր ուսումնասիրություն իրականացնել սահմանամերձ գնդակոծվող համայնքներում և համապատասխան առաջարկություններ մշակել կրթական հաստատությունների ու հասարակական շինությունների անվտանգության շարունակական բարելավման (այդ թվում՝ վերակառուցման կամ նորի կառուցման միջոցով), ինչպես նաև բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականների վերաբերյալ ամփոփումները ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Հանձնարարվել է նաև գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել անհրաժեշտ ոռոգման համակարգերի կառուցման ծավալները՝ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն:

Մարզպետին հանձնարարվել է նաև սոցիալական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ ուսումնասիրել մարզային զբաղվածության տվյալները, աշխատուժի պահանջարկից ելնելով՝ նաև աշխատանքային ռեսուրսի վերաորակավորման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահի աշխատակազմ:

Սահմանամերձ համայնքներում հարկային արտոնություններից օգտվող իրավաբանական անձանց տնտեսական գործունեության խրախուսման և խոցելի համայնքների կլաստերների ձևավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է Բերդ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ փոփոխություն նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG