Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ցրեց ցույցը, բացեց Բաղրամյան պողոտան


Ոստիկանությունը հեռացնում է ցուցարարներին, 12-ը սեպտեմբերի, 2015թ.
Ոստիկանությունը հեռացնում է ցուցարարներին, 12-ը սեպտեմբերի, 2015թ.

Ոստիկանությունը այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո անցնող երթի ժամանակ շեղվել էին նախապես տրամադրված երթուղուց և եկել Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն նրանց էր սպասում ոստիկանական պատը։

Ոստիկանությունը երեկ երեկոյան 6 ժամ՝ մինչև առավոտյան 5։00-ն ժամանակ տվեց ցուցարարներին պողոտան ազատելու համար՝ նշելով, որ «դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը»։ Ցուցարարները ի պատասխան շարունակաբար պնդում էին, որ Բաղրամյան պողոտան փակել է հենց ոստիկանությունը, ոչ թե իրենք։

Տրված վերջնաժամկետից կես ժամ անց ոստիկանները տարածքից հեռացրեցին շղթա կազմած մի քանի տասնյակ ցուցարարներին։ Այս անգամ ջրցան մեքենան կիրառվեց միայն ցույցը ցրելուց հետո՝ փողոցը մաքրելու համար։

«Ոստիկաննե՛ր, հանգիստ մնացեք», - ցուցարարներին ցրելու ընթացքում պարբերաբար զգուշացնում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հուլիսին Բաղրամյան պողոտայի ցույցերը նախաձեռնած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ իշխանություններն իրենց խաբել են։ Հայաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Թեև կառավարությունը հայտարարել էր, որ սակագնի ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքի գումարից, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը հստակեցրել է, որ սուբսիդավորում կտրամադրվի միայն քաղաքացիներին և ամսական մինչև 500 կՎտ էներգիա ծախսող փոքր և միջին ձեռնարկություններին։

Ոստիկանությունը հայտնում է.- «Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG