Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ինտենսիվ բանակցություններ վարել. Ուորլիք


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, «Ամերիկայի Ձայնին» տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը։

«Առաջնորդների դիրքորոշումները մոտ են, նրանք միմյանց հետ խոսում են, և կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է խթանել այս բանակցությունները»,- ասել է նա։

Դեսպանի խոսքով, առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի պայմանավորվածություն ձեռք բերելու համար, սակայն խաղաղության հաստատման ժամանակն իրոք եկել է, և համանախագահները, հատկապես՝ Միացյալ Նահանգները, ցանկանում են օգնել բանակցությունների միջոցով տևական խաղաղության հաստատմանը։

«Ժամանակը եկե՛լ է, և ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որը տարածաշրջան կբերի խաղաղություն: Տարածաշրջանը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել»:

Միջնորդի խոսքով, Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին մի քանի ամսից կարող է հաջորդել արդեն նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ուորլիքը հիշեցնում է, որ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նախագահները որոշակի առաջընթաց են գրանցում:

Միևնույն ժամանակ միջնորդը ևս մեկ անգամ ԱՄՆ-ի կողմից խորը մտահոգություն է հայտնել սահմանում և շփման գծում լարվածության կապակցությամբ: Ջեյմս Ուորլիքի խոսքով, երբ ինքը դեռ նոր էր ստանձնել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, հիմնական վտանգը բխում էր դիպուկահարներից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում։

«Մարտավարությունն այժմ փոխվել է. ականանետեր և այլ ծանր հրետանի է օգտագործվում, և ցավոք, մենք ականատես ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է»,- ասում է ամերիկացի համանախագահը։

Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգներն աջակցում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները և ցանկանում աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ: Մասնավորապես, Վաշինգտոնն աջակցում է ԵԱՀԿ-ի շրջանակներում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որոնց մասին խոսել է հայկական կողմը: Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմները ի վերջո նույնպես կճանաչի: Ի վերջո, ավելացնում է դիվանագետը, Միացյալ Նահանգների առաջնահերթությունն է Լեռնային Ղարաբաղում զինադադարի պահպանումը և բռնությունների բացառումը.- «Առանց զինադադարը հարգելու շատ բարդ է առաջընթաց արձանագրել բանակցություններում»:

Ամերիկացի դիվանագետն հավելում է նաև, որ Մոսկվայի հետ եղած բազմաթիվ լարված խնդիրների առկայությունը որևէ կերպ չի անդրադառնում ղարաբաղյան կարգավորման հարցում միջնորդների աշխատանքի վրա, և Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի գործուն ներգրավվածությունը կարգավորման եղանակը փնտրելու գործընթացին:

XS
SM
MD
LG