Մինչ Սիմֆերոպոլը հայտարարում է Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովի Հայաստան այցի նախապատրաստման մասին, ուկրաինական լրատվամիջոցները հիշեցնում են նրա չկայացած չինաստանյան այցի, իսկ մինչ այդ էլ Հնդկաստանում նրա մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովին հաջորդած քաղաքական սկանդալի մասին։
«Ազատություն» ռադիոկայանի Ղրիմի ծառայությունը տեղեկացնում է, որ Արևմուտքի «սև ցուցակում» հայտնված Ղրիմի վարչապետին անցնող շաբաթվա ընթացքում թույլ չտվեցին ռուսական պատվիրակության կազմում մեկնել Չինաստան՝ մասնակցելու տնտեսական համաժողովի։
Ռադիոկայանի հետ զրույցում փորձագետները համոզմունք են հայտնել, թե Պեկինը գիտակցում էր, որ հակառակ դեպքում կփչացներ հարաբերությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, այդ պատճառով էլ չվտանգեց իր վարկանիշը՝ հանուն ղրիմյան իշխանությունների։
Ինչպես հայտնի է, անցյալ տարվա մարտին աշխարհի երկրների մեծամասնության կողմից չճանաչված Ղրիմի վարչապետը, ի թիվս թերակղզու այլ պաշտոնյաների, հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների ցանկում, որը ենթադրում է Եվրամիության մուտքի արգելք, ինչպես նաև Եվրամիության տարածքում ակտիվների սառեցում։ Իսկ 2014 թվականին Միացյալ Նահանգների կողմից Ղրիմի դեմ սահմանված պատժամիջոցների համաձայն, ամերիկյան ընկերություններին և քաղաքացիներին արգելված է որևէ առևտրային և ֆինանսական գործարք թերակղզու հետ։
Ղրիմի խորհրդարանի նախկին խոսնակ Լեոնիդ Գրաչը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ թերակղզու ներկայիս իշխանությունները, ի դեմս Ակսյոնովի, Ռուսաստանի տարածքից այն կողմ չեն կարող գնալ, քանի որ, իր խոսքով, նրանք աշխարհի առաջ, այսպես ասած, «որոշակի ավանդ ունեն»։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակում Ակսյոնովի ներկայությունը վերածվել էր քաղաքական սկանդալի, փաստին մինչև անգամ արձագանքել էր Սպիտակ տունը՝ հայտարարելով, թե Հնդկաստանի արտգործնախարարությունը տեղյակ չէր, որ Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում նաև Ղրիմի առաջնորդն էր ընդգրկված։
Ակսյոնովի հնդկաստանյան այցին անդրադարձել էր նաև ուկրաինական կողմը։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, մասնավորապես, որ Ակսյոնովին հրավիրելով՝ Հնդկաստանը փողը կարևորում է արժեքներից։ «Հնդկաստանն իր այդ դիրքորոշմամբ Ակսյոնովին չի օգնի։ Նա քրեական հանցագործ է։ Շատ պարզ է, նա հանցավոր անցյալ ունի, և, առանց կասկածի, նրա ապագան նույնպես հանցավոր է», - ասել էր Պորոշենկոն։