Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը կողմ է Իրանի հետ կնքված համաձայնագրին


ԱՄՆ - Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Brookings հաստատությունում, Վաշինգտոն, 9-ը սեպտեմբերի, 2015թ․
ԱՄՆ - Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Brookings հաստատությունում, Վաշինգտոն, 9-ը սեպտեմբերի, 2015թ․

Միաժամանակ, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը շեշտում է, որ Թեհրանին վստահելու «որևէ պատճառ չկա»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 14-ին կնքված համաձայնագրի այլընտրանքը վտանգավոր զարգացումները կարող են լինել միջազգային ասպարեզում: Այս մասին երեկ Վաշինգտոնում գտնվող Brookings հետազոտական ինստիտուտում իր ելույթում հայտարարեց Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, 2016-ի նախագահական ընտրություններում որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու հանդես գալուն հավակնող Հիլարի Քլինթոնը:

«Կամ մենք շարժվում ենք դիվանագիտական ուղով և օգտագործում ենք Իրանի միջուկային ծրագիրն արգելափակելու այս հնարավորությունը, կամ էլ ընտրում ենք շատ ավելի անորոշ ու ռիսկային ուղի: Այդ իսկ պատճառով էլ ես կողմ եմ կնքված համաձայնագրին», - հայտարարեց Քլինթոնը: Նրա խոսքով, սակայն, Միացյալ Նահանգներում որևէ մեկը պատրանքներ չունի, թե ինչ է իրենից ներկայացնում իսլամական հանրապետությունը:

«Ես հասկանում եմ Իրանի նկատմամբ թերահավատության պատճառը: Ես նույնպես մտահոգված եմ Իրանի ագրեսիվ պահվածքով և համարում եմ, որ դրան հարկավոր է հակազդել: Դա անողոք ու բռնի մի վարչակազմ է, որի ձեռքերը ամերիկացիների և, ինչու չէ, նաև սեփական քաղաքացիների արյան մեջ են թաթախված: Դա այն երկիրն է, որտեղ քաղաքական հավաքների ժամանակ հնչում է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը: Այդ երկրի առաջնորդները բառացիորեն երեկ կրկին հայտարարեցին Իսրայելը աշխարհի երեսից ջնջելու անհրաժեշտության մասին: Իրանին վստահելու որևէ պատճառ չկա», - նշում էր Քլինթոնը` դրա հետ մեկտեղ, սակայն, շեշտելով, որ Վաշինգտոնը չի կարող պարզապես հրաժարվել արդեն իսկ կնքված համաձայնագրերից․ - «Մեծ տերությունները չեն կարող պայմանագրերն աղբանոց ուղարկել` ակնկալելով, որ ողջ աշխարհը կհետևի իրենց օրինակին»:

Նախկին պետքարտուղարի այս հայտարարության իրական հասցեատերը հանրապետական կոնգրեսականներն էին, որոնք ցանկանում են օրենսդրորեն արգելափակել համաձայնագրի վավերացումը: Չնայած դրան՝ նախագահ Բարաք Օբամայի կուսակից դեմոկրատներին վերջին օրերին հաջողվեց բավարար թվով կոնգրեսականներից աջակցության խոստում ստանալ, ինչը գրեթե զրոյի է հավասարեցնում հանրապետականների ծրագրերը: Բայց նույնիսկ վավերացման դեպքում, ըստ Հիլարի Քլինթոնի, Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի ցանկացած պահի հակազդել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր վերսկսմանը:

Հիշելով Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի` ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների մասին հայտնի արտահայտությունը` «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր», Քլինթոնը խորհուրդ է տալիս «չվստահել ու ստուգել»:

«Իմ ուղերձը Իրանին հետևյալն է` Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա ձեզ միջուկային զենք ստեղծել», - հայտարարեց նախկին պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG