Քուրդ զինյալները Իգդիրում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել։ Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Նախիջևանի հետ Թուրքիայի սահմանի անցակետի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 12 ոստիկան է զոհվել։
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է 10 զոհվածների ու 3 վիրավորների մասին՝ նշելով, որ կողմերի միջև փոխհրաձգությունը դեռ շարունակվում է։
Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախումներում հուլիսից մինչ օրս թուրք 90 ուժային է սպանվել, փոխանցում է Anadolu-ն:
Թուրքիայում այսօր տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կիլոմետր հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում», - ասված է հաղորդագրությունում: