ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանը նախապես չի հայտարարել իր զորավարժությունների մասնակիցների թիվը, ինչը պետք է աներ համաձայն ԵԱՀԿ-ի ընթացակարգերի։
«Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է Տոնոյանը՝ պատասխանելով «Զինուժ» հեռուստածրագրի հարցին, թե արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու և դրանց թափանցիկությունն ապահովելու համար:
Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ-ի շրջանակներում, որոնց անդամակցում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ:
Համաձայն ադրբեջանական մամուլի՝ սեպտեմբերի 6-13-ը այդ երկրում անցկացվում են զորավարժություններ, որոնցում ընդգրկված են լինելու 65 հազարանոց անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ և այլն:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում ընդունված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկատառումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են»,- ասել է պաշտպանությանը փոխնախարարը։