Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ մոտ ապագայում կվաճառի Ֆրանսիայի իր ունեցվածքը և կտեղափոխվի Բելառուս:
«Ներկայիս Եվրոպան ինձ ընդհանրապես դուր չի գալիս, հատկապես այդ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր ղեկավարում են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան: Եվրոպան խնդիրներ ունի` միգրանտների, ֆերմերների հետ, և ինձ դուր չի գալիս, որ բոլոր քաղաքական գործիչները՝ թե՛ աջակողմյան, թե՛ ձախակողմյան, մեզ չեն հարգում», - ֆրանսիական Le Figaro պարբերականի հետ զրույցում ասել է դերասանը:
«Ես մտադիր եմ տեղափոխվել Ֆրանսիայից ՝ոչ միայն տեղական հարկերի պատճառով: Ես պարզապես համաձայն չեմ , թե ինչպես են ծախսվում հարկերից գոյացած գումարները: Ես չեմ ուզում Ֆրանսիայում սեփականություն ունենալ: Կվաճառեմ ամեն ինչ՝ առանձնատուն, ռեստորաններ», - ասել է Դեպարդյեն:
Հարցին, թե որտե՞ղ է ապրում և որտե՞ղ է մտադիր ապրել, դերասանը պլատասխանել է․ - «Առայժմ ապրում եմ Իտալիայում, բայց շուտով կտեղափոխվեմ Բելառուս, որտեղ էլ կապրեմ՝ խուլ գավառում, գյուղացիների հետ միասին: Այնտեղ գեղեցիկ է և այնտեղ նախագահը կարգին մարդ է»:
Հիշեցնենք՝ 2012 թվականին Դեպարդյեն, չթաքցնելով զայրույթը Ֆրանսիայի իշխանությունների՝ «հարուստների» հարկերը մինչև 75 տոկոս բարձրացնելու որոշման վերաբերյալ, հայտարարել էր ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին: Այն ժամանակ նա որոշեց տեղափոխվել Բելգիայի հարավ-արևմտյան շրջան՝ Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու, որտեղ էլ տուն գնեց: Դրանից հետո ֆրանսիական կինոյի աստղը մի քանի անգամ փոխել է իր բնակության վայրը: Մի քանի տարի շարունակ Դեպարդյեն խոսում էր Ռուսաստանի նկատմամբ իր անսահման սիրո մասին և ասում, որ «պատրաստ է անգամ կյանքը տալ» Ռուսաստանի համար»: Ֆրանսիացի դերասանը հանդիպել էր ռուսաստանյան իշխանությունների հետ, անձամբ Պուտինի ձեռամբ ռուսական անձնագիր ստացել, ինչպես նաև արժանացել «Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացու» կոչման, ապա նաև Գրոզնիում 5 սենյականոց բնակարանի: